Ադրբեջանն ու Եվրոպական խաղերը. Economist-ի անդրադարձը

Economist Բրիտանական Economist հանդեսը հոդված է հրապարակել՝ «Ադրբեջանն ու եվրոպական խաղերը. Ալիևի թիմը» վերնագրով, որն անդրադառնում է Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների դեմ բռնաճնշումներին և արձանագրում, որ մարդու իրավունքները համատարած խախտող երկիրը գալիք ամիս հյուրընկալելու է Եվրոպական խաղերը. «Իր նպատակներին հասնելու համար Բաքուն գործի է դնում նավթը, խավիարը և այլ բարիքներ»: Հոդվածը կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Երկրի իշխող վերնախավի շրջանում կոռուպցիոն հետաքննություն իրականացնող ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան գիտեր, որ լողում է խոր ջրերում: 2012թ. Իսմայիլովան ստացել է փաթեթ, որը պարունակում էր նրա մասնակցությամբ գաղտնի նկարահանված սեքս բնույթի տեսանյութեր և նախազգուշացում, որ եթե չդադարեցնի փորփրելը, այդ ամենը կհրապարակվի: Իսմայիլովան անտեսել է սպառնալիքները, և տեսանյութը հրապարակվել է: 2014թ. դեկտեմբերին Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է՝ գործընկեր լրագրող Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի դրդելու մեղադրանքով: Փետրվարին մեղադրանքներն ավելացվել են, որոնց թվում՝ հարկերից խուսափում և դիրքի չարաշահում: Այդ ընթացքում Մուստաֆաևը հետ է վերցրել բողոքը՝ ասելով, թե «էմոցիոնալ սթրեսի տակ է եղել»: Դատավարության օրը դեռ չի նշանակվել:

Իսմայիլովայի դեպքը միակը չէ: Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառների վրա հիմնված մեղադրանքներով վերջին մեկ տարում դատապարտել և ազատազրկել է առնվազն 33 այլ ակտիվիստի, լրագրողի և բլոգերի: Բանտարկյալների հանդեպ բռնությունը սովորական երևույթ է: Գնալով մեծանում է անհանգստությունը մարդու իրավունքների առաջատար ակտիվիստ Լեյլա Յունուսի և նրա պատմաբան ամուսնու՝ Արիֆի համար: Նրանք ազատազրկված են անցյալ ամառվանից ի վեր՝ պետական դավաճանության և հարկերից խուսափելու մեղադրանքներով:

Բռնաճնշումների ժամանակահատվածը պատահական չէ: Նավթով հարուստ նախկին խորհրդային հանրապետությունը հաջորդ ամիս հյուրընկալելու է առաջին Եվրոպական խաղերը, որոնք մեկ վայրում կհավաքեն 6 հազ. մարզիկի՝ 50 երկրից:

Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են, որ աշխարհի առաջնորդները բոյկոտեն խաղերը: Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, վախենում է, որ իր քննադատները կօգտվեն առիթից իրենց բողոքները բարձրաձայնելու համար:

«Ալիևը փակում է նրանց, որովհետև անպատիժ է մնում»,- ասում է ադրբեջանցի հայտնի բլոգեր Արզու Գեյբուլլաևան: Նա թերևս իրավացի է:

Ադրբեջանն օգտագործում է իր էներգետիկ հարստությունը Եվրոպայում և Ամերիկայում հզոր ընկերների ցանկն ընդլայնելու նպատակով: Սակայն հարավկովկասյան հանրապետությունը միայն նավթ չէ, որ առաջարկում է:Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և Կասպից ծովի միջև պարփակված՝ Ադրբեջանը ռազմավարական պարգև է: Լինելով անվերապահորեն աշխարհիկ՝ Ադրբեջանը թույլ է տվել ամերիկացիներին օգտագործել իր ռազմակայանները Աֆղանստանում իսլամիստ ծայրահեղականներին հարվածելու համար: Սա թերևս կարող է բացատրել, թե ինչու է Ադրբեջանին թույլատրվել վեց ամսով ստանձնել Եվրոպայի խորհրդի նախագահությունը 2014թ.՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա ազատազրկում է այլախոհներին: Խավիարն ու գործի դրված մյուս բարիքները, որոնց օգնությամբ յուղվել է Ադրբեջանի քարոզչամեքենայի մեխանիզմը, արել են իրենց գործը:

Սակայն Ալիևի համար ավելի մեծ գլխացավանք է տնտեսությունը: Նավթի համաշխարհային գների անկումը հարվածել է Ադրբեջանի ֆինանսական դրությանը: Էներգակիրները կազմում են երկրի արտահանման մոտ 95%-ը և ՀՆԱ-ի 40%-ը: Գնաճը մեծանում է, և ազգային արժույթը՝ մանաթը, պահելու կառավարության փորձերը մեծապես ձախողվել են:

Մեկ այլ խնդիր է Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Հայաստանի հետ լարվածությունը: Հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև բախումները սահմանի երկայնքով հաճախակի են դարձել: Ալիևն օգտագործում է Ղարաբաղը ազգայնական տրամադրություններ արթնացնելու և երկրի ներսում կոռուպցիայից ուշադրությունը շեղելու նպատակով:

«Օգոստոսին, երբ բախումներ սկսվեցին [Հայաստանի հետ], և դիակներ էին բերվում, ժողովուրդը պատերազմի կոչ էր անում,- նշում է Վաշինգտոնում աշխատող վերլուծաբանը: – Կառավարությունն ըստ էության ստիպված էր ճնշել ժողովրդական ցասումը, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա»:

Մեկնաբանել