Քաղաքապետարանի շինաշխատանքների մրցույթները` ձևական. ՏՄՊՊՀ

asfaltՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մայիսի 6-ի նիստին հրապարակվել են Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է շուրջ 144 ընկերություն, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ:

Ինչպես հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, հանձնաժողովն ուսումնասիրել է 2011-2014 թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման և այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթները:

Պարզվել է, որ մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ: «Ուսումնասիրությունը ներառել է շուրջ 620 մրցույթ, որոնցից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջև մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ: Նշված 49 մրցույթներին մասնակցել է 19 ընկերություն: Հատկանշանական է, որ որևէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել, և նրանք հաղթող են ճանաչվել՝ առանց միմյանց հետ մրցակցելու: Օրինակ` «Խաչհար» ՍՊԸ-ն մասնակցել է 9 հնարավոր մրցույթներից միայն մեկին` չնայած տեխնիկապես և ֆինանսապես հնարավորություն ուներ մասնացելու բոլորին: Ստացվում է, որ տնտեսվարողները միմյանց միջև համաձայնության են եկել, թե մրցույթներից յուրաքանչյուրին որ ընկերությունն է հայտ ներկայացնելու և հաղթելու:

Նմանատիպ օրինակներից մեկն էլ վերաբերում է շենքերի ֆասադների նորոգման և քարերի մաքրման աշխատանքների համար հայտարարված 125 մրցույթներին: Այս մրցույթներից ոչ մեկում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել: Օրինակ, «Լև» ընկերությունը մասնակցել է այնպիսի 8 մրցույթների, որոնց այլ մասնակիցներ չեն դիմել: Նույն կերպ էլ բոլոր մյուս տնտեսվարողները այսպես ասած բաժանել են մրցույթները` նախապես իմանալով, թե որ դեպքում ով է հաղթելու: Մինչդեռ բավարար մրցակցության պայմաններում գնային առաջարկները կլինեին ավելի ցածր»,- նշում է ՏՄՊՊՀ-ն:

Հանձնաժողովը նաև տեղեկացնում է, որ ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջև և հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միևնույն մրցույթին մասնակցել է մի քանի տնտեսվարող` տպավորություն ստեղծելով իբրև թե առկա է մրցակցություն, սակայն այս դեպքում դարձյալ գործել են փոխադարձ պայմանավորվածությամբ: Տնտեսվարողներից մեկը հաղթել է մի մրցույթում, իսկ հաջորդում միտումնավոր պարտվել` իր տեղը զիջելով իր հաղթած մրցույթում պարտված ընկերություններից մեկին: Արդյունքում, մասնակից բոլոր ընկերությունները հաջորդաբար հաղթել են մրցույթներում`շուկան բաժանելով միմյանց միջև և, ըստ էության, սահմանափակելով այլ տնտեսվարողների մուտքը շուկա»,- նշում է ՏՄՊՊՀ-ն։

Տնտեսվարողները նման վարքագիծը հիմնականում պայմանավորել են տեխնիկական և ֆինանսական ոչ բավարար միջոցների առկայությամբ։ Մինչդեռ պարզվել է, որ մի շարք դեպքերում ներկայացված տեղեկատվությունը չի կարող հիմնավոր դիտարկվել։

Հանձնաժողովը նկատում է նաև, որ մրցակցության բացակայության արդյունքում մրցույթներում հաղթել են բարձր գին ներկայացրած տնտեսվարողները. «Պետգնումների շրջանակում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունների վարքագիծը նպաստել է պետական միջոցների անարդյունավետ օգտագործմանը: Պարզվել է, որ այն մրցույթներում, որոնցում մրցակցությունը բացակայել է, մասնակիցների գնային առաջարկները ակնհայտ մոտ կամ նույնիսկ հավասար են եղել այդ աշխատանքների կատարման նախահաշվային արժեքին, և հակառակը, այն դեպքերում, երբ առկա է եղել մրցակցություն, գնային առաջարկները ցածր են եղել շինաշխատանքների նախահաշվային արժեքներից, ինչն էլ պետական միջոցներն առավել արդյունավետ տնօրինելու հնարավորություն է տվել։ Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը, քանի որ ընկերություններն, ըստ էության, մրցույթներում հաղթել են առանց միմյանց հետ մրցակցելու»:

Մեկնաբանել