Բաղրամյան պողոտա vs Ազատության հրապարակ

Բաղրամյան պողոտա vs Ազատության հրապարակ քննարկման թեման այլևս անիմաստ է, որովհետև երեկվանից պարզ երևում է, որ Բաղրամյանը հանրության կողմից ընդունելի որոշումն է։ Ի դեպ, այսօր իշխանությունը փորձելու է նաև Ազատության հրապարակը մարդաշատ դարձնել, որովհետև նրա խնդիրն է լեգիտիմացնել այդ հրապարակը:

Բռնության առումով ոչ միայն կարևոր դեր է խաղում մարդկանց քանակը, այլև Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական փոփոխություններով վերարտադրության ցանկությունը։ Նա անվերջ իշխելու ցանկության գերին է դարձել։ Մի կողմից բռնությունը կարող է պայթեցնել իրավիճակը, մյուս կողմից նա մեծ ցանկություն ունի բռնության միջոցով ցրել Բաղրամյան փողոցը: Սակայն նա հասկանում է, որ ցանկացած բռնություն կարող է հօդս ցնդեցնել այդ երազանքը, դրա համար շատ զգույշ է խաղում։

Շարժման երեք պահանջները պետք է մնան օրակարգում, բացի դրանից պետք է փորձել չեզոքացնել իշխանական մեդիայի Բաղրամյանում հավաքված մարդկանց սևացնելու գործը։

Մինչև հիմա դրական են ներկայացրել Բաղրամյանը, բայց երեկվանից սևացնում են:

Իշխանական մեդիան նաև անընդհատ խոսում է քաղաքականացնելու մասին ու նշում, որ քաղաքական ուժեր կան, բայց ոչ մի անուն չեն տալիս, փորձում են ավանդական կեղծ ինֆորմացիա տարածել, որովհետև այս պահին նման հստակ երևույթ չկա:

Քաղաքականացնելու մասով նշեմ, որ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը արձագանքել են Բաղրամյանում հավաքված մարդկանց վարքագծին, բայց դեռ մարդիկ կան՝ ասում են՝ պետք չէ քաղաքականացնել, մեր պայքարը քաղաքական չէ: Գերտերություններից միայն Չինաստանը չի արձագանքել Բաղրամյանի շարժմանը: Լոկալից մինչև միջազգային քաղաքականության բոլոր փուլերը Բաղրամյան փողոցն անցել է, բայց դեռ իրենց անտեղյակի տեղ դնողները հայտարարում են, որ պայքարը քաղաքական չէ: Երևի պետք է , որ Մարսից էլ արձագանքեն, որպեսզի անտեղյակների համար պայքարը քաղաքական դառնա:

Մեկնաբանել