Նախագահի անձնական այցերը՝ պետական գաղտնիք և «անվտանգության խնդիր»

Ապրիլի 16-ին Մոսկվայում մեծ շուքով նշվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան 60-ամյակը։ Համացանցում տարածված լուսանկարներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ ծննդյան արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրությունը, սակայն, չի կարող իմանալ, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել նախագահի այդ այցի վրա․ ապրիլի 25-ից այլևս ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը պետական գաղտնիք են համարվում։

ՍիվիլՆեթը նախագահի աշխատակազմից հետաքրքվեց, թե ինչ այցով էր Սերժ Սարգսյանը գտնվում Մոսկվայում, և արդյոք Մոսկվա է մեկնել նախագահին սպասարկող օդանավով։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին Մոսկվա է մեկել անձնական հարցով և վերադարձել է ապրիլի 17-ին նախագահին սպասարկող օդանավով։

«Բոլոր այցելությունների ժամանակ ՀՀ նախագահի՝ որպես պետության գլխի, սպասարկումը և անվտանգության ապահովումը, այդ թվում՝ հատուկ նշանակության ավտոտրանսպորտի, հատուկ սարքավորված ինքնաթիռի և ուղղաթիռի տրամադրումը, պահպանության միջոցառումների ձեռնարկումը և այլն, իրականացվում են ՀՀ օրենսդրության համաձայն»,- ասված է պատասխանի մեջ։

Նախագահի աշխատակազմից հիշեցնում են նաև, որ Հանրապետության նախագահը, որպես օրենքով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ, իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրավունքի չունի հրաժարվելու պետական պահպանությունից։

Նախագահի աշխատակազմից հետաքրքվեցինք, թե Սերժ Սարգսյանի ապրիլին կատարված այցի վրա որքան գումար է ծախսվել պետական բյուջեից։

Նախագահի աշխատակազմում այս հարցին չպատասխանեցին՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք։

2016թ․ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Գնումների մասին» օրենքում՝ ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը դարձնելով պետական գաղտնիք։

Ավելի վաղ, 2016թ․ հունիսի 4-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը ներկա էր գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին։ «Քո գրպանից» հաղոդրման շրջանակում ՍիվիլՆեթը պարզել էր, որ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի վրա, որը ևս իրականացվել էր պետական բյուջեի հաշվին, ծախսվել էր 15 378 000 դրամ կամ 32 400 դոլար։

ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը գաղտնիացումը նախաձեռնել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Որպես հիմնավորում նշվում էր, որ գաղտնիացումը իրականցվում է պետական այս մարմինների անվտանգության ապահովման ու հնարավոր ռիսկերի չեզոքացման համար։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում, անդրադառնալով արարողակարգային ծախսերի գաղտնիացմանը, նշեց, որ սա բացառիկ երևույթ չէ․ այլ երկրներում ևս նման պրակտիկա գոյություն ունի։

«Ելնելով անվտանգության նկատառումներից պետք չէ, որ հայտնի դառնա, թե որ ընկերությունն է ծառայություն մատակարարել բարձրաստիճան պաշտոնյաներին։ Սակայն հաշվի առնելով, որ մենք հարուստ երկիր չենք և հարուստ բյուջե չունենք, չեմ կարծում, որ ծախսված գումարը ևս պետք է գաղտնի լինի։ Պետք է գտնել մեխանիզմ, որը թույլ կտա առանց մատակարարողին բացահայտելու՝ իմանալ ծախսված գումարի չափը»,- նշեց Հոկտանյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, կոռուպցիոն ռիսկերը մեծամասամբ կապված են հենց մատակարարների հետ, թե ինչ ընկերություններ են և ովքեր են դրանց սեփականատերերը։

Հոկտանյանի խոսքով՝ կարևոր է, որ ծախսերի գաղտնիացման այս քայլերը զանգվածային չդառնան և չտարածվեն պետական այլ մարմինների ծախսերի վրա ևս։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել