Լրագրողական կազմակերպությունները քննադատում են լրագրողի գործունուեթյունը խոչընդոտելու փորձը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ քննադատելով Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փորձը։

Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը։ Լրագրողները այնտեղ էին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավերով, որը մտադրվել էր նրանց ներկայացնել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես այն, որ ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելվել է խմբակցության ծառայողական մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է նաև քաղաքապետարանի ծառայողական սենյակներում աշխատանքային ժամին որոշ անձանց թղթախաղով զբաղվելու փաստը։

Լրագրողների գործունեությանը միջամտել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նախ՝ նա թույլ չի տվել Զարուհի Փոստանջյանին քաղաքապետարանի շենքում շարունակել շփվել թղթակիցների հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է լրագրողներին անցնել ավագանու անդամի աշխատասենյակ և ստիպել է նրանց լքել շենքը` հղում կատարելով ինչ-որ ներքին կանոնակարգի, որի մասին տեղյակ չեն ո՛չ ավագանու անդամները, ո՛չ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում են խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին։

Իսկ Երևանի ավագանուց պահանջում են թույլ չտալ այնպիսի կանոնակարգերի ընդունում, որոնք քաղաքապետարանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի անհիմն սահմանափակումներ կնախատեսեն։

Կազմակերպությունները դիմում են նաև իրավապահ մարմիններին՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ քրեական գործ հարուցելու համար։

Հայտարարության տակ ստորագրել են՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «ասպարեզ» ակումբը և այլ կազմակերպություններ։

Մեկնաբանել