Նիկոլի առաջին այցը Հանրային ռադիո կամ՝ հիշելով Արմեն Ամիրյանին․ 2008-ի փետրվարը

Լրագրողներիս գործունեության ընթացքում լինում են բազմաթիվ պահեր, նաև՝ անձնական, երբ այդ մասին ինչ-ինչ պատճառներով չես գրում՝ այն թողնելով նոթատետրիդ կամ հիշողությանդ մի անկյունում։

Երեկ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց, և ես հիշեցի 10-ամյա վաղեմության մի դեպք, որի մասին տող չեմ գրել մինչև այսօր։

2008-ի փետրվարին աշխատում էի Հանրային ռադիոյում։ Մարտի 1-ն էր մոտենում, ներքաղաքական իրավիճակը պրկված էր, լրատվամիջոցները, ինչպես լինում ցավոք հաճախ, բաժանվել էին ճամբարների։ Ամեն ինչ դարձել էր սև ու սպիտակ։

Հանրային ռադիոն, անկասկած, միշտ էլ եղել է համեմատաբար չեզոք, ինչպես այսօր։ Բայց Լևոնի վերադարձի վտանգը, ցավոք, Հանրային ռադիոյին էլ էր տեղավորել ճամբարի մի կողմում, այն կողմում, որտեղ Սերժն էր ու նրա թիմը։

Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ 32 տարեկան, բարձրախոսը ձեռքին՝ ուղեկցությամբ կնոջ՝ լրագրող Աննա Հակոբյանի, մի քանի հարյուր, գուցե ավելի, հիմա լավ չեմ հիշում, երթ էր անում Երևանի փողոցներով՝ ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի։ Նրանք կանգնեցին Հանրային ռադիոյի դիմաց՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա։

«Ռադիոլուրի» մեր խմբագրությունը երրորդ կամ չորրորդ հարկում էր։ Տեսնելով ցուցարարներին, ես անմիջապես աստիճաններով իջա ներքև։ Ներսից դուռը փակել էին, հավանաբար մտածելով, որ ցուցարարները կմտնեն շենքի ներս, ինչպես եղավ մի քանի շաբաթ առաջ։

Ես առաջին հարկում՝ շենքի ներսից, ռադիոյի ղեկավարության ներկայությամբ, լայն ժպիտով ձեռքով արեցի Նիկոլին ու Աննային։ Նրանք ինձ համար առաջին հերթին լրագրողներ էին։ Պատուհանի այն կողմից Նիկոլն ու Աննան, ավելի լայն ժպիտով ձեռքով արեցին իմ ուղղությամբ։

Այդ օրը Հանրային ռադիոյում համոզվեցին վերջնականապես, որ ես (իբր) Լևոնական եմ։

Դրանից առաջ էլ կասկածներ ունեին։

2007-ի աշնանը Րաֆֆու կենտրոնում՝ ՌԱՀՀԿ-ում, մի քննարկման ժամանակ, որի բանախոսներն էին տողերիս հեղինակը, այսօր Պաշտպանության փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, իսկ երրորդին չեմ հիշում, ես, լինելով Հանրային ռադիոյի լրագրող, քննադատեցի Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությանը՝ հայտարարելով, որ սխալ որոշում է «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան մեկ ժամանոց թողարկումը Հանրայինի եթերից հանելը։

Երկար տարիներ, «Ազատության» երեկոյան 19․00-ից 20․00-ի մեկժամանոց թողարկումը հեռարձակվում էր Հանրայինով։ Լևոն Տեր-Պետրսյանի վերադարձը քաղաքականություն, վախեցրել էր Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ովքեր հասկացել էին «Ազատության» հզորությունն ու վտանգը։

Իմ զեկուցումից մի հատված այն ժամանակ «Ազատության» լրագրող Արմեն Դուլյանը որպես առանձին լուր, տեղադրեց ռադիոկայանի կայքում։ Այդ լուրը մինչև այսօր էլ դրված է։

Հանրային ռադիոյում, բնականաբար, դա լավ չընկալվեց։

Մինչ այդ էլ, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն էր մի քննարկում կազմակերպել Արցախյան հարցով։ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ատամներով պաշտպանում էր Քոչարյանին։ Ես, կրկին լինելով Հանրայինի լրագրող, քննադատել էի Քոչարյանին և դա տպվել էր «168 ժամ»-ում։

Այս օրինակները բերում նաև ցույց տալու, որ Հանրային ռադիոյում լրագրողները անհամեմատ ազատ էին և են, քան Քոչարյան-Սերժական վարչակարգի տոտալ վերահսկողության տակ գտնվող մյուս հեռարձակվող լրատվամիջոցներում։

2008-ի փետրվարի 19-ին կայացան չարաբաստիկ նախագահական ընտրությունները, որոնցում համատարած կեղծիքներով Քոչարյանը իշխանությունը փոխանցեց իր ընկերոջը։

Հաջորդ օրը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ԵԱՀԿ դիտորդների մամուլի ասուլիսը։ Նրանք հայտարարեցին, որ ընտրությունները «քայլ առաջ» է։ Հենց ասուլիսի ընթացքում, մի քանի երիտասարդներ անսպասելիորեն մտան մամուլի սրահ: Նրանցից մեկը՝ լրագրող Լենա Նազարյանը, ով 2018-ի ապրիլին 16-ին Նիկոլի հետ անվախ քայլում էր դեպի ոստիկանական պատնեշն ու փշալարը, ուղղակի կանգնեց դիտորդների առաջ և հայտարարեց, որ դիտորդները ստում են, որ ընտրությունները կեղծվել են հօգուտ Սերժի։ Ես հիմա այս բոլորը մոտավոր եմ ասում, այնպես, ինչպես հիշում եմ։

Արդեն երեկոյան կողմ, կարծեմ 17․00-ի եթերում, ես պետք է ուղիղ եթերում պատմեի, թե ինչ են ասել միջնորդները, ինչ գնահատական են տվել։

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը եկավ ստուդիա, կանգնեց հենց ռեժիսորական վահանակի մոտ և հսկում էր, որ ուղիղ եթերում հանկարծ իբր Լևոնական լրագրող Թաթուլ Հակոբյանը անկանխատեսելի բան չանի։ Գուցե կոչ չանի։ Չգիտեմ։ Կասկածում էին։

Մինչև այսօր, իմ աչքի առաջ է ռեժիսորական վահանակի մոտ կանգնած, միշտ բարի դեմքով Արմեն Ամիրյանը, որի հանդեպ, ինչպես այն օրերին, այսօր էլ ունեմ խորը հարգանք։ Եթե մեկ բառով ասեմ, ես պարոն Ամիրյանին համարել եմ լավ մարդ։

Ուղիղ եթերում ես կարդացի՝ անգլերենից թարգմանելով, թե ինչ գնահատական են տվել ԵԱՀԿ դիտորդները։ Հասկանում եք՝ թարգմանաբար ես էլ ստեցի, ինչպես միջազգային դիտորդները։

Եթերից դուրս եկա և Հանրային ռադիոյի տնօրինությանն ասացի, որ այսօր իմ վերջին եթերն է և ես հեռանում եմ։

Այդպես էլ արեցի, քանի որ չէի կարող աշխատել կասկածամտության մթնոլորտում, երբ քեզ համարում են մեկ առանձին քաղաքական ուժի կողմնակիցը։

Ինձ խնդրեցին, որ հեռանալու մասին չբարձրաձայնեմ, քանի որ մի քանի ժամ անց Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանը կամ նրա թիմակիցները բարձրախոսով կհայտարարեն, որ ես էլ եմ միացել համաժողովրդական շարժմանը։

Ես, բնական է, համաձայն էի լուռ հեռանալ։ Նախ, ինձ ոչ ոք չէր հեռացրել, ես էի կայացրել որոշումը մեկ րոպեում, երկրորդ՝ իմ համար անընդունելի է, երբ քեզ նույնացնում են ընդդիմության կամ որևէ քաղաքական թիմի հետ։

Իսկ Արմեն Ամիրյանը դարձավ 2018-ի հայկական հեղափոխության արդյունքում հրաժարական տված առաջին նախարարը։

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել