Պուտինի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատմել է Դուշանբեում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձազրույցի մասին։

Փաշինյանն ասել է, որ իրենք քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։

«Ռուսաստանի նախագահի հետ իմ նախորդ հանդիպումից հետո ես ասում էի, որ կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները իսկապես նոր մակարդակի վրա են բարձրացել և երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, իմ կարծիքով, ինչքան հիմա։ Այսօրվա հանդիպման արդյունքներով ինձ թույլ կտամ մի այսպիսի ձևակերում անել և այսպիսի գնահատական տալ, որ, ըստ էության, հայ-ռուսական հարաբերությունների, այսպես ասած, «անցումային/հետհեղափոխական-անցումային» շրջանը կարող ենք ավարտված համարել։

«Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում։ Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի վերաբերյալ, ամեն ինչի վերաբերյալ համաձայն ենք և հարցեր, խնդիրներ, քննարկումներ, տեսակետների տարբերություններ չկան։ Ո՛չ, ամենևին։ Սա նշանակում է, որ, ինչպես ես նախորդ՝ Մոսկվայում ունեցած հանդիպման դռնբաց մասում ասացի, որ, ես կարծում եմ, մեր հարաբերություններում անլուծելի պրոբլեմբեր չկան, և ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ մեր հարաբերություններում, որ կարող ենք ցանկացած հարց քննարկել հանգիստ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, այո՛, միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում, միմյանց ներքին գործերին չխառնվելու մթնոլորտում և գալ աշխատանքային պայմաններում որոշակի համաձայնությունների»։

«Հատկապես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր հանդիպումների նախաբաններում, երբ խոսք է գնում․․․ ինքնիշխանության մասին և այլն, մեր պետության անկախության մասին, դա առանձնահատուկ արձագանքի է արժանանում, տարբեր մեկնաբանություններ են հնչում այս կապակցությամբ, դա դիտարկվում է որպես ինչ որ արտառոց բան, որ Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ շեշտում է, որ մեր հարաբերությունները փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության հարգանքի սկզբունքների վրա պետք է հիմնվեն։ Այդտեղ ինչ որ արտառոց բան չկա։ Եվ ուզում եմ ընդգծել, որ հենց մեր առաջին հանդիպումից հենց այս հիմքի վրա են կառուցվել մեր հարաբերությունները և, ընդ որում, այդ թեման առաջինը բացել է ՌԴ նախագահը»։

Փաշինյանի խոսքով՝ Վլադիմի Պուտինը նախկինում ասել է, որ գիտի, թե տեսակետներ կան, որ Ռուսաստանը կամ Եվրասիական միության երկրները, կամ Ռուսաստանը՝ որպես ԵԱՏՄ երկիր, այսպես ասած, բավարար հարգանքով չի վերաբերվում իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը, անկախությանը։ Սակայն Պուտինը Փաշինյանին հավաստիացրել է, որ ինքը լիարժեք հարգանքով է վերաբերվում և ընդհակառակը, ընդգծում է երկու երկրների հետ հարաբերություններում ինքնիշխանության հարգման սկզբունքի կարևորությունը։

«Կարող եմ արձանագրել, որ ժամանակը ցույց է տվել այդ դրույթի իրավացիությունը»,- նշել է Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում։

․․․

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման, ինչպես նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին։

Մեկնաբանել