ԱՄՆ-ը և Ռուսաստանն ընդհանուր շահեր ունեն Լեռնային Ղարաբաղում․ Ջեյմս Ուորլիք

Ես չեմ կարծում, որ միայն Մոսկվայի ուժերի սահմաններում է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնի կազմակերպած պանելային քննարկմանը։

Քննարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին Վաշինգտոնում և կրել է «Սառեցված հակամարտությունները և Կրեմլի օրակարգը» խորագիրը։

Ջեյմս Ուորլիքը նշել է, որ միգուցե մյուս հակամարտությունների [Վրաստանից անջատված շրջանների, Արևելյան Ուկրաինայի, Մերձդնեստրի] դեպքում Մոսկվան ի վիճակի է կարգավորման հասնել որոշակի չափորոշիչների շրջանակում, սակայն Լեռնային Ղարաբաղի իրավիճակը տարբեր է։

Հարցին, որ եթե Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, արդյոք դա կբխի Մոկսվայի շահերից, արդյոք Մոսկվան կխոչընդոտի դրան, ամերիկացի նախկին համանախագահը պատասխանել է․

«Ես կարծում եմ, որ եթե անգամ վաղը Մոսկվան որոշի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի, չեմ կարծում, որ դա կարող է այդքան հեշտ տեղի ունենալ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղացողներն ունեն տարբեր աստիճանի սուվերենության և անկախության աստիճան»։

«Թեև այդքան էլ մոդայիկ չէ ասելը, բայց միգուցե ի տարբերություն մյուս հակամարտությունների, ԱՄՆ-ը և Ռուսաստանն իրականում ընդհանուր շահեր ունեն Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։ Կարծում եմ, որ նախևառաջ Մոսկվայի շահերից չի բխում ունենալ անկայունություն իր հարավային սահմանների մոտ, որտեղ ռազմական ակտիվ գործողություններ են։ Մենք նույնպես կցանկանանք գտնել կարգավորում, ինչը Հայաստանի և Ադրբեջանի շահերից է բխում»,- ասել է Ջեյմս Ուորլիքը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված մտայնությունն այն է, որ Մոսկվան չի ցանկանում խնդրի կարգավորում, և դրա համար կան պատճառներ։ Ուորլիքն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ Մոսկվան ունի մեծածավալ և ֆինանսապես ձեռնտու համագործակցություն սպառազինությունների մատարակարարման ոլորտում․

«Քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Մոսկվան շարունակելու է սպառազինությունների այդ մատակարարումը։ Նմանապես, կա փաստարկ, թե ինչու պետք է Մոսկվան ձգտի խնդրի կարգավորմանը, երբ դրա պատճառով Հայաստանը նրանից որոշակի կախվածություն ունի ոչ միայն սպառազինություններ մատակարարելու առումով, այլև այլ ոլորտներում, ինչպես օրինակ՝ էներգետիկայի»։

Ուորլիքը առանձանցրել է Ղարաբաղի խնդրի շուրջ մեկ այլ տարածված մտայնություն․

«Ընդունված մտայնություն է նաև, որ թող հակամարտությունը շարունակվի, մի՛ վատթարացրեք վիճակը, թույլ մի՛ տվեք ակտիվ պատերազմ։ Իմ տեսակետից՝ որպես մարդու, որը երեք տարի մասնակցել է խաղաղ կարգավորման բանակցություններին, այդ մտայնությունը խնդրահարույց է, քանի որ դա այդքան էլ այդպես չէ։ Երկուսուկես տարի առաջ, երբ ռազմական գործողություններ սկսվեցին Ղարաբաղում, և ավելի քան 100 մարդ սպանվեց մի քանի օրվա ընթացքում,- վստահաբար մենք՝ ԱՄՆ կառավարությունը, մեր ֆրանսիացի և ռուս գործընկերները միասին բավական լավ աշխատեցինք պլան մշակելու և որոշակի գաղափարներ սեղանին դնելու համար, որոնք կարող են հիմք ծառայել կարգավորման համար։ Նույն այդ գաղափարները դեռ ուժի մեջ են»,- ասել է Ուորլիքը՝ հիշեցնելով 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջ քաշած կարգավորման պլանի մասին․

«Այն պլանը, որ պարոն Լավրովը ներկայացրեց, այնքան էլ տարբեր չէ կարգավորման այն տարբերակից, որ մենք կնստեինք ու կմշակեինք խաղաղության պայմանագրի համար»։

Թեև այդքան էլ մոդայիկ չէ ասելը, բայց միգուցե ի տարբերություն մյուս հակամարտությունների, ԱՄՆ-ը և Ռուսաստանն իրականում ընդհանուր շահեր ունեն Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ

Զրույցը վարողը, բերելով Արևելյան Ուկրաինայի օրինակը, հակադարձում է Ուորլիքի դիտարկմանը, որ Ռուսաստանը չի ցանկանում իր հարավային սահմաններին ակտիվ հակամարտություն ունենալ։ Նա նշում է, որ եթե Լեռնային Ղարաբաղում հնարավոր լինի խաղաղ կարգավորման հասնել Մինսկի խմբի միջնորդների մշակած հիմնարար սկզբունքների հիման վրա, դա ըստ էության կնշանակի, որ Հայաստանը ավելի ազատ կլինի մերձենալու Թուրքիայի հետ, և Ադրբեջանը Հայաստանի վրայով տրանսպորտային հաղորդակցություն կունենա Թուրքիայի, ինչպես նաև Եվրոպայի հետ, ինչն իսկապես կբխի նրա տնտեսական շահերից։

Հարցին, թե երկարաժամկետ կտրվածքով արդյոք դա բխո՞ւմ է Ռուսաստանի շահերից, Ուորլիքը պատասխանել է․

«Եթե խաղաղությունը հաստատվի, տարածաշրջանն ամբողջովին կփոխվի։ Եվ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատ կշահեն դրանից։ Եթե Հայաստանն իրեն զգում էր մեկուսացված և Մոսկվային կապված, ապա կլինի լիովին այլ խաղ։ Ադրբեջանի համար նույնպես, որն իր ռեսուրսներից այդքան շատ հատկացնում է ռազմական և պաշտպանական ծախսերին, դրանք կարող է օգտագործել այլուր։ Սատանան, իհարկե, դետալների մեջ է, ու հավանաբար դա է պատճառը, թե ինչու հնարավոր չի եղել հասնել խնդրի կարգավորմանը»,- ասել է նախկին համանախագահը։

«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընդհանուր, լայն չափորոշիչների, ինչպես դուք նշեցիք՝ հիմնարար սկզբունքների,- և եղել են այդ սկզբունքների բավական տարբեր վարիացիաներ,- շուրջ մենք կարող ենք գալ համաձայնության, սակայն դեռ կարիք կլինի տեսենլ, թե ինչ դիրքորոշում կունենա Մոսկվան, երբ հասնենք այն կետին, երբ խաղաղության պայմանագիրն արդեն սեղանին է և տարածաշրջանն էապես փոխվում է»։

Ուորլիքը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական կոպիտ հավասարության պահպանումը։ Լսարանից հնչած հարցին ի պատասխան՝ Ուորլիքն ասել է, որ չի պաշտպանում որևէ երկրի, այդ թվում Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարումը։

«Կցանկանայի նշել, որ պետք է ջանք գործադրվի, համատեղ ջանք՝ ոչ միայն Ռուսաստանի կողմից, որի նպատակը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական որոշակի կոպիտ հավասարությունը։ Եթե նման կոպիտ հավասարություն չլինի, պատերազմի վտանգն ավելի մեծ կլինի։ Վտանգն առանց այն էլ մեծ է։ Սակայն երբ մենք տեսնում ենք անհավասարություն, երբ տեսնում ենք, որ մեկ կամ մյուս կողմը ռազմական կարողությունների առումով առավելություն ունի, կարող է լինել ռիսկ, որ քաղաքական և դիվանագիտական փակուղու պարագայում կողմերից որևէ մեկը սկսի ռազմական գործողություններ։ Դա մեզ պետք է անհանգստացնի»։

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել