Արագածոտնի մարզում 11 կրթական հաստատություններ վերանորոգվում են

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Ինչպես հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից` առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց:

Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելել է Թալին, ծանոթացել քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը: Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրել են, որ առաջիկայում կավարտվի նաև բարեկարգումը:

Ա. Գևորգյանն այցելել է նաև Նոր Եդեսիայի և Ապարանի թիվ 1 դպրոցներ, որոնք ևս վերանորոգվում են նույն ծրագրի շրջանակում: Այդ նպատակով` ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 52 և 70 մլն դրամ: Նորոգման աշխատանքները երկու հաստատություններում էլ մոտենում են ավարտին:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ աշակերտները կարողանան ուսումնական տարին սկսել վերանորոգված ու բարեկարգ դպրոցներում: Պատասխանատուները տեղեկացրել են, որ բոլոր 11 դպրոցներում աշխատանքները մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կավարտվեն: Հնարավոր է, շարունակվեն դրսի բարեկարգման աշխատանքները, որոնք չեն խանգարի ուսումնական գործընթացին:

Ագարակավան համայնքում Ա. Գևորգյանը ծանոթացել է մշակույթի տան վերանորոգման ընթացքին, որտեղ ևս աշխատանքներն առաջիկայում կավարտվեն:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպել է նաև բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին ոռոգման և խմելու ջրի մատակարարմանը: Բնակիչները տեղեկացրել են, որ ոռոգման շրջանում գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ջրաքանակով ապահովվածության խնդիր են ունեցել, քանի որ համայնքները գտնվում են Արզնի- Շամիրամ ջրանցքի ծայրամասում: Բացի այդ, ըստ բնակիչների, ջրի ծավալների նվազմանը նպաստում են նաև մարզում գործող փոքր ՀԷԿ-երը: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ ոռոգման խնդիրը լուծելու համար կառավարությունում քննարկվում է Եղվարդի ջրամբարի կառուցման, ինչպես նաև նոր ջրաղբյուրներ գտնելու հնարավորությունը. այդ դեպքում հնարավոր կլինի Արզնի-Շամիրամ ջրանցքով անգամ ծայրամասային գյուղերին ապահովել ջրի անհրաժեշտ ծավալով:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի խնդրին, ապա փոխվարչապետը նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու-կենցաղային և ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Փոքր ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է մնում: Գևորգյանը մարզպետին հանձնարարել է մարզում գործող փոքր ՀԷԿ-երի ղեկավարներին նախազգուշացնել օրենսդրական այդ պահանջի մասին: Նա նաև խոստացել է, որ պետական լիազոր մարմինների ուշադրությունը կհրավիրի խնդրի վրա:

Մեկնաբանել