Հայաստան և Ադրբեջան. առանց տարբերությունների

Մինչև քննարկումը մտածում էի, որ ադրբեջանցի բանախոսն իր երկրում տիրող իրավիճակը կներկայացնի վառ գույներով, և ես ինչ-որ առումով կաշկանդված կլինեմ բարձրաձայնելու մեր երկրի խնդիրները։ Ի զարմանս ինձ՝ ադրբեջանցի տնտեսագետ Նատիկ Ջաֆարլին բացահայտ խոսեց իր երկրի տնտեսական խնդիրների մասին: Պատկերն այնքան նման էր հայաստանյան իրականությանը, որ կարելի էր ընդամենը երկրների անունները փոխել ու ասել բառացիորեն նույնը:

Ադրբեջանում առանձին ապրանքային շուկաներ նույնպես բաժանված են մի խումբ մարդկանց միջև, առանձին ապրանքատեսակներ ներկրում է ընդամենը մեկ ընկերություն, ավելի ճիշտ՝ մեկ մարդ: Ադրբեջանցի նախարարներն ու պաշտոնյաները նույնպես փոխկապակցված են բիզնեսների հետ:

Պարզվում է, օրինակ, Ադրբեջանում «բանանի գործ» կարող է անել մեկ մարդ, այնպես, ինչպես Հայաստանում։ Մյուս ընդհանրությունն այն է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում պաշտոնապես որևէ ընկերության արգելված չէ ներկրել այս կամ այն ապրանքը, բայց բացի յուրայիններից ոչ ոք դա չի կարող անել։ Ադրբեջանի սահմանային մաքսակետում ստեղծվում են այնպիսի վարչական արգելքներ, որ համարձակություն ցուցաբերած գործարարը մյուս անգամ պարզապես չի փորձում մտնել «յուրայինների» դաշտ։

Նույնն է Հայաստանում. ո՞վ կարող է Հայաստանում ներկրել շաքարավազ, բրինձ, ցորեն, բենզին կամ, ասենք, ռուսական կոնֆետներ։
Սակայն մի բանում Ադրբեջանն առավելություն ունի. այնտեղ պաշտոնյաներն անկեղծ են և չեն թաքցնում, որ բիզնեսներ ունեն։ Հայաստանում պաշտոնյաներն առայժմ հայտարարում են, որ այդ բիզնեսներն իրենցը չեն, այլ իրենց կնոջը, զոքանչինը կամ որևէ այլ մեկինը, բայց ոչ իրենցը:

Հայաստանի քաղաքական գործիչները պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը, թե մեզանում գործարար միջավայրն ավելի բարվոք է և այլն: Լսելով Ջաֆարլիին՝ միանշանակ կարելի է պնդել, որ գործարար միջավայրի մասով Հայաստանը Ադրբեջանից չի տարբերվում։

Բայց մեկ մեծ տարբերություն այնուամենայնիվ կա. Ադրբեջանն ունի նավթ և բաց սահմաններ ու անգամ տնտեսական նման կառուցվածքով կարող է ապրել և աճել: Հայաստանի համար այդ նույնը նշանակում է անխուսափելի անդունդ:

Մեկնաբանել