Տուարեգներն ու իսլամիստները հրաժարվել են համագործակցությունից

Նշվում է, որ Մալիի հյուսիսում անկախության համար համատեղ պայքարից հրաժարվելու պատճառ են դարձել կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունները։ Մասնավորապես՝ տուարեգները հայտարարել են, թե իրենց դուր չի գալիս այն, որ «Անսար ադ Դին»-ը ցանկանում է ստեղծել բացառապես շարիաթի օրենքների վրա հիմնված պետություն և արգելել բոլոր ոչ մուսուլմանական մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը։

Տուարեգները Մալիի հյուսիսային հատվածում անկախ պետության ստեղծման համար պայքարում են երկար տարիներ։ 2012թ. սկզբին «Անսար ադ Դին»-ի գրոհայինների (որոնք կապեր ունեն «Ալ Կաիդա»-ի հետ) աջակցությամբ, նրանց հաջողվեց հասնել զգալի հաջողությունների և դե ֆակտո լիովին իրենց վերահսկողության տակ վերցնել հյուսիսի խոշոր քաղաքները՝ Կիդալը, Գաոն և Տիմբուկտուն։ Ապրիլի 6-ին տուարեգները հայտարարեցին Ազավադ պետության ստեղծման մասին։

Տուարեգների և իսլամիստների միջև համագործակցության վերաբերյալ նախնական համաձայնագրի ստորագրման մասին հայտնի էր դարձել մայիսի 26-ին։ Այժմ՝ պայմանավորվածությունների չեղյալ հայտարարումից հետո, ապստամբների կողմից վերահսկվող տարածքների կառավարման սկզբունքներն անորոշ են մնում։

2012թ. մարտի 22-ին Մալիում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել։ Նախագահ Ամադու Թումանի Թուրեին պաշտոնանկ արած խունտան իր գործողությունները բացատրել էր պետության ղեկավարի՝ Մալիի խռովահույզ հյուսիսում կարգուկանոն հաստատել չկարողանալու հանգամանքով։ Այն բանից հետո, երբ Արևմուտքն ու «Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցություն»-ը սպառնացել էին տնտեսական պատժամիջոցներով, խունտայի ներակայացուցիչները համաձայնել էին երկրի ժամանակավոր ղեկավար նշանակել խորհրդարանի խոսնակ Դիոնկունդա Տրաորեին, որը պաշտոնանկ արված նախագահի համախոհներից է։

Մալիի ղեկավար շրջաններում առկա անկայունությունը մեկն է պատճառներից, որ պաշտոնական կառավարության զորքերը չեն կարողանում որևէ հաջողության հասնել խռովարար շրջաններում վերահսկողության վերականգնման հարցում։

Մեկնաբանել