Երևանում լուսավորված է 168 բակ և փողոց

Երևանում անցկացվել է 85.2 կմ լուսավորման ցանց, լուսավորված է 168 բակ, փողոց և 14 այգի: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, շարունակվում են նաև ճարտարապետական արժեք ներկայացնող շենք-շինությունների արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման աշխատանքները:

Ընթացքի մեջ են Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց, Հալաբյանից Աբելյան տանող փողոցների և Լենինգրադյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ձգվող ճանապարհների շինարարական աշխատանքները: Շարունակվում է նաև ասֆալտբետնե ծածկույթների վերականգնումն ու կանաչապատումը: Քաղաքապետը հանձնարարել է իրականացնել նաև կամուրջների և ուղետարների փոսալցման, ճաքալցման աշխատանքներ: Ընթացքի մեջ են մայրաքաղաք մուտքերին հարող տարածքների և բակային հատվածների բարեկարգումը, կանաչապատումն ու ծաղկապատումը:

Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել կառուցված, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանք շահագործելու համար: Մայրաքաղաքի տարածքում գտնվող շատրվանների գույքագրման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել է 33 շատրվան: Զեկուցվել է, որ կատարված համապատասխան ուսումնասիրություններից հետո պատրաստ են քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Մասնակի կամ հիմնովին կվերանորոգվեն նաև 26 նախադպրոցական ուսումնական հաստատություն, գրադարաններ և համաբուժարաններ:

Մեկնաբանել