Փաշինյանը բացատրեց՝ ինչու Պուտինից օգնություն չի խնդրել

Մեզ համար առաջին խնդիրը եղել է իրավիճակի հստակ արձանագրումը․ Ազգային ժողովի այսօր երեկոյան հրավիրված արտահերթ նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սյունիքում և Գեղարքունիքում սահմանային միջադեպերի, Ադրբեջանի առաջխաղացումների մասին։

Սև լիճը Հայաստանի ամենանեղ հատվածում է։ Ադրբեջանը, ըստ Փաշինյանի, դիտավորյալ է առաջ եկել հենց այդ հատվածում։ Նա նշեց, որ հաշվի առնելով սրացման վտանգը՝ ՀՀ-ն որոշել է գործի դնել ռազմաքաղաքական մեխանիզմները խնդիրը լուծելու համար։

«Այսօր բանակցություններն ընդհատվել են, կշարունակվեն վաղը։ Բանակցություններին միացել է ռուսական 102-րդ ռազմաբազան, նրանց քարտեզները ևս ցույց են տալիս, որ դրանք ՀՀ տարածք են։ Դա ցույց է տալիս, որ խնդրո առարկա տարածքը ՀԱՊԿ տիրույթում է»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցին՝ Փաշինյանը հաստատեց լուրը, որ ինքը օգնություն չի խնդրել․

«Ինչո՞ւ ես նրանից օգնություն չեմ խնդրել։ Նախ, մեր դիրքորոշումները եղել են նույնական, ՌԴ նախագահը ասել է, որ ինքն էլ կարծում է, որ Ադրբեջանի ուժերը պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին։ Կա ավելի կարևոր նյուանս, որ երեկ երեկոյան արձանագրվել է՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը, այսինքն՝ հեռանան ՀՀ սահմանից այն կողմ։ Երեկվանից մինչև այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ․․․»։

«Քանի որ բանակցությունների ընթացքը ցույց տվեց, որ այսօրվա պայմանավորվածությունը լիարժեք չի կատարվի, ես դիմել եմ ՌԴ նախագահին՝ համաձայն 1997թ․ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի, Հայ ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի, որ ՌԴ-ն այդ թվում ռազմական օգնություն ցուցաբերի ՀՀ-ին»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա հիշեցրեց, որ երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

«Ֆրանսիայի նախագահն ասել է որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ասել է, որ ըստ անհրաժեշտության՝ Ֆրանսիան կարող է նաև ռազմական օգնություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։ Իհարկե, շատ կարևոր եմ համարում, որ այս թեմայով ՄԱԿ-ի ԱԽ անդամները միմյանց հետ քննարկման մեջ լինեն»,- նշեց Փաշինյանը։

Խոսելով դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին՝ նա ասաց, որ դա տեղի է ունենում երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, սակայն այս պարագայում որոշակի քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Ըստ Փաշինյանի՝ լինելու է սահման, և երկու կողմից ներկա են լինելու միայն սահմանապահ զորքերը։

Մեկնաբանել