Հայաստան-Ռուսաստան-ՀԱՊԿ․ դիմումների ու արձագանքների պատմությունը

Հովհաննես Նազարեթյան

Նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ տարածքի վրա հարձակումից հետո քաղաքական և հանրային շրջանակները սկսեցին ակտիվորեն քննարկել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի արձագանքը և հնարավոր օգնության տրամադրման հարցը։

Նոյեմբերի 17-ին ռուսական «Соловьёв LIVE» առցանց հաղորդման շրջանակում՝ Սյունիքում բախումների թեմայով քննարկման ժամանակ, ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից Հայաստանին օգնություն չտրամադրելու հարցին ի պատասխան՝ հարցադրում արեց հայ լրագրող և քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես գրավոր դիմե՞լ է ՀԱՊԿ-ին՝ ակնարկելով, որ օգնություն չտրամադրելու պատճառը գրավոր դիմումի բացակայությունն է։

Հայաստանը կրկին դիմում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին

Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը դիմել է Ռուաստանին՝ 1997թ․ պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Հանրային հեռուստատեսության եթերում Գրիգորյանը հայտնեց, որ դիմումը բանավոր է եղել, բայց նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ևս նշեց, որ Հայաստանը դեռ պաշտոնական գրավոր հարցում չի ուղարկել Ռուսաստանին։ Ժամեր անց պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Սյունիքում կրակը դադարեցվել է, և իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Նոյեմբերի 17-ին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ գրավոր դիմում դեռ չի եղել, բայց «ինչ-որ պահի այդ դիմումը կլինի»։ Աղաջանյանը, սակայն, նկատեց, որ մայիսի 14-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը հատել էին ՀՀ սահմանները Սյունիքում և Գեղարքունիքում, նույնաբովանդակ դիմում ուղարկվել էր ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, և ըստ նրա՝ «այդ դիմումները որպես այդպիսին պետք է որ բավարար լինեն»։

Մայիսին ուղարկված գրավոր դիմումն ու արձագանքը

Այս տարվա մայիսի 12-ին Ադրբեջանը մի քանի ուղղություններով ներխուժեց Հայաստանի տարածք։ Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդի հոդվածի 2-րդ պարբերությանը։ Նա արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին և Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված՝ խորհրդակցություններ մեկնարկելու ուղղությամբ։ Բացի այդ, քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ-ի՝ 2010թ. դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար, որով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմը։

Ըստ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կանոնադրության 2-րդ հոդվածի՝ անդամ երկրներից մեկի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության և կայունության վտանգման դեպքում անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, նախատեսվում է տվյալ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացում:

Մինչև Հայաստանի դիմումը՝ մայիսի 13-ին, կազմակերպությունը հայտնել էր, որ «ուշադրությամբ հետևում է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով»։

Մայիսի 14-ին Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992թ. մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ Փաշինյանը դիմումի և սահամանային իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ է հղել նաև ՀԱՊԿ մյուս անդամ-պետությունների ղեկավարներին:

Մայիսի 14-ին արդեն ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնեց, որ ՀԱՊԿ քարտուղարությունը ծանոթացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմումին, և իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Հարցի ընդհանուր քննարկում կայացավ մայիսի 19-ին՝ Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման ժամանակ։ Քննարկման մանրամասները չհանրայնացվեցին։

ՀԱՊԿ-ից և անդամ-պետություններից երկար ժամանակ որևէ պաշտոնական արձագանք Հայաստանի դիմումին չեղավ։

Սահմանային միջադե՞պ, թե՞ ագրեսիա

Հայաստանի դիմումից շուրջ երկու ամիս անց՝ հուլիսի 3-ին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է», և ՀԱՊԿ-ի «ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ-պետություններից մեկի վրա] հարձակման դեպքում»։ Զասը նաև հայտնեց, որ Հայաստանի դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի շուրջ պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով։

Արդեն օգոստոսի 10-ին Զասը այցելեց Երևան և Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանի «միջադեպերը վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար»։

Զասի պնդումը, որ եղածը ընդամենը «սահմանային միջադեպ է», առնվազն վիճելի է։ Դեռ մայիսին հայկական կողմը՝ ի դեմս Փաշինյանի, հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։

Սա նաև հաստատվել էր բաց աղբյուրներում առկա տվյալների տեղորոշման շնորհիվ։ «Փաաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ ադրբեջանցի զինվորները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքում խորանալով առնվազն 1,6 կմ, իսկ Գեղարքունիքում՝ 2,4 կմ։ Իսկ վերջերս թարմացված արբանյակային լուսանկարներով ՍիվիլՆեթն արդեն տեղորոշել էր, որ ադրբեջանցիները դիրքեր են տեղադրել ՀՀ սահմանից 3,5 կմ խորությամբ։

Ռուսաստանի հետ 1997 թվականի պայմանագիրը

Ինչ վերաբերում է 1997 թվականին ստորագրած և 1998-ին ուժի մեջ մտած «ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրին, ապա դրա 2-րդ հոդվածով սահմանվում է, որ կողմերը «անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք՝ համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»։

Ըստ նույն պայմանագրի 4-րդ հոդվածի՝ կողմերից մեկի անվտանգության դեմ սպառնալիք առաջանալու կամ նրանցից որևէ մեկի վրա զինված հարձակման դեպքում կողմերը կառաջնորդվեն ռազմական օբյեկտների և կառույցների փոխադարձ օգտագործման սկզբունքով՝ ազգային զինված ուժերի համար սահմանված պայմաններով, ինչպես նաև պաշտպանական նշանակության օբյեկտների համատեղ շահագործման սկզբունքով:

ՍիվիլՆեթը փորձեց արտգործնախարարությունից ճշտել՝ ի վերջո, Հայաստանը գրավոր դիմե՞լ է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին։ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանեց, որ «հարցը մեկնաբանել է»։ Վերջինս նոյեմբերի 17-ին Ռուսաստանին դիմելու վերաբերյալ հարցին հստակ պատասխան չէր տվել, բայց նկատել էր, որ Փաշինյանն ու Պուտինը «քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»։

Մեկնաբանել