Քաղաքապետի խոսնակը հերքում է Հայկ Մարությանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին լուրը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հերքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում հրապարակված հոդվածում արվող պնդումները։

«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։ Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է և քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․ պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։ Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ ևս կան»,- գրել է Կարապետյանը։

Դեկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը հրապարակել է «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով հոդված, որտեղ քաղաքապետի հասցեին մեղադրանք է հնչեցվում՝ ճամբարափոխ լինելու համար։ Հոդվածում ասվում է, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2020-ի Արցախյան պատերազմից հետո Երևանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»,- գրել էր կայքը։

Մեկնաբանել