Թուրքական լրատվամիջոցները սխալ են գրում, հայկականները՝ սխալը տարածում

Նիկոլ Փաշինյան

Անի Գրիգորյան

#CivilNetCheck

Փետրվարի 5-ին հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով թուրքական A Haber հեռուստաընկերությանը, գրել էին, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Մինչև հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվելը, Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու մասին գրել էին ռուսական լրատվամիջոցները (Tass.ru, Риа Новости)` կրկին վկայակոչելով Օքթայի հայտարարությունն ըստ A Haber-ի։

««Փաշինյանը մարտին այցով կժամանի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- թուրքական պարբերականները մեջբերում են Օքթային»,- գրել էր Риа Новости-ն։

Հունվարի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։

Ի՞նչ էր ասել Օքթայն իրականում

Ֆուաթ Օքթայը փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույց էր ունեցել, որը հեռարձակել էր A Haber հեռուստաընկերությունը։

Նա խոսել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին, նշել, որ փակ սահմաններից տուժել է Հայաստանը, և պատերազմից հետո խաղաղության դարաշրջան է բացվում:

Թուրքիայի փոխնախագահը անդրադարձել էր տարածաշրջանի երկրների 3+3 համագործակցության հարթակին՝ նշելով, որ լավ հնարավորություն է՝ տարածաշրջանում խաղաղության զարգացման համար։

«Հայաստան – Թուրքիա հարաբերություններում երկկողմ դրական ուղերձներից հետո հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին ու նրանք հանդիպեցին: Դրանով գործընթաց սկսվեց: Այժմ էլ Հայաստանի վարչապետը հայտարարել է Անթալիայում նախատեսվող դիվանագիտական համաժողովին իր մասնակցության մասին, և հիմա մոտեցել ենք այդ գործընթացին: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը արագանա»,- ասել է Ֆուաթ Օքթայը։

Այսինքն՝ Թուրքիայի փոխնախագահն ասել է, թե իբր Փաշինյանն է հայտարարել Թուրքիա մեկնելու մտադրության մասին, ինչը ևս ճիշտ չէ։ Հունվարի 24-ի առցանց ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը»։ Խոսքը արտաքին գործերի նախարարի և Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ բանագնաց նշանակված Ռուբեն Ռուբինյանի հնարավոր այցի մասին էր և ոչ՝ Փաշինյանի։

Սակայն ոչ միայն Օքթայն է սխալ ներկայացրել, այլև A Haber-ն է սխալ փոխանցել Թուրքիայի փոխնախագահի խոսքը։

Հենց հարցազրույցի ժամանակ A Haber-ը Թուրքիայի փոխնախագահի խոսքից տարբեր հատվածներ էր ներկայացնում էկրանին։ Ինչպես երևում ստորև նկարի վրա` նրանք գրել են, թե Օքթայը ասել է, որ Հայաստանի վարչապետը կմասնակցի Անթալիայում դիվանագիտական ֆորումին։

Առաջին անգամ չէ, երբ թուրքական լրատվամիջոցները սխալ են ներկայացնում թուրք բարձաստիճան պաշտոնյաների խոսքերը Հայաստանի՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցության մասին։

Հայաստանյան լրատվամիջոցները հունվարի 27-ին, հղում անելով թուրքական աղբյուրներին, գրել էին, թե Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին մասնակցելու է Անթալիայում կայանալիք համաժողովին։ Սակայն պարզվել էր, որ Չավուշօղլուն նման հայտարարություն չէր արել։

Չավուշօղլուի ելույթը սխալ է ներկայացվել. Փաշինյանի՝ Անթալիա գնալու մասին խոսք չկա