ԱՄՆ-ը Քուվեյթին $4,2 մլրդ-ի հակաօդային պաշտպանության համակարգ կվաճառի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Քուվեյթին «Պատրիոտ» տեսակի հակաօդային պաշտպանության համալիրների խոշոր խմբաքանակ վաճառելու մասին։ Ռազմական համագործակցության ամերիկյան գործակալությունը, որը ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի մատակարարումներ է իրականացնում, ակնկալում է հակաօդային պաշտպանության համակարգերի համար գործարքով ստանալ $4,2 մլրդ-ից ոչ պակաս։ Իր հերթին Քուվեյթի կառավարությունը, մասնավորապես՝ երկրի զինված ուժերի հրամանատարությունը, ակնկալում է, որ հակաօդային պաշտպանության նոր համակարգերը թույլ կտան հուսալի կերպով պաշտպանել օդային տարածքը Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարվածից, հաղորդում է France 24-ը։

Համաձայն գործարքի՝ Քուվեյթը կստանա 60 PAC-3 զենիթային հրթիռ, 20 գործարկման սարքավորում, օդային տարածքի վերահսկման 4 ռադարային սարքավորում և այլն։

Գործարքի իրականացման մտադրության մասին պաշտոնական հայտարարությունը ստորագրվել է այս տարվա հուլիսի 20-ին։ Համաձայն ամերիկյան օրենքների՝ դրանից հետո 30 օրվա ընթացքում Կոնգրեսը պետք է հաստատի այն կամ պաշտոնական առարկում հայտնի։

Նշենք, որ 2012թ․ սկզբին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բանակցություններ էր իրականացրել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների (Քուվեյթ, Բահրեյն, Օման, Կատար, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ) ղեկավարությունների հետ։ Այդ ժամանակ Խորհրդին հաջողվել էր ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության առաջատար համակարգի ստեղծման նախագծի հարցում։

Մեկնաբանել