Հայաստանցիների 64%-ը չի վստահում քաղաքական որևէ գործչի․ IRI-ի հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում՝ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» կազմակերպության (CRRC Armenia) միջոցով։ Տվյալները հավաքագրվել են հեռախոսային հարցազրույցների միջոցով Հայաստանի տարածքում՝ 2022-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցմանն ընդգրկվել է Հայաստանի 1 499 բնակիչ։

Հարցվածների մեծ մասը՝ 42%-ը, համարում է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, և միայն 31%-ն է կարծում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում։

Հարցվածների գերակշիռ մասը՝ 54%-ը, համարում է, որ երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրը ՀՀ ազգային անվտանգությունն ու սահմանային հարցերն են։ Հարցվածների ընդամենը 5%-ն է համարում, որ գլխավոր խնդիրը գործազրկությունն է։

Հայաստանցիների 64%-ը չի վստահում քաղաքական որևէ գործչի։ Ամենաշատ վստահությունը, այնուամենայնիվ, շարունակում է վայելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցվածների 50%-ը խիստ բացասական կարծիք ունի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանի մասին։ Վանեցյանի հակառեկորդին հաջորդում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. Նրա մասին խիստ բացասական կարծիք ունի հարցվածների 49%-ը։ Նիկոլ Փաշինյանի մասին խիստ բացասական կարծիք ունեցողները 22% են: Նույնքան մարդ Փաշինյանի մասին ունի նաև խիստ դրական կարծիք, և այդ առումով նա առաջատար է։

Հարցվածների 25%-ը պատասխանել է, որ չէր մասնակցի քվեարկությանը, եթե հաջորդ կիրակի լինեին խորհրդարանական ընտրությունները, և ևս 25%-ը՝ ամենամեծ ցուցանիշը, ասել է, որ կքվեարկեր Քաղաքացիական պայմանագրի օգտին։ Հաջորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքն է՝ 6%-ով։ Իշխող Քաղաքացիական պայմանագիրը ըստ մարզերի ամենաշատ աջակցությունն ունի Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Տավուշում՝ 35%, և ամենաքիչը Կոտայքում՝ 19%, և Երևանում ու Վայոց ձորում՝ 22-ական տոկոս։

Հարցման արդյունքներն ամբողջությամբ՝ այս հղումով։