Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Շուշիի ելույթը որակել է Հայաստանի բնակչությանն ահաբեկելու գործողություն:
«Զինվորական համազգեստով և զինվորականների ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ին իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և ՀՀ մյուս քաղաքներն իրենց տեսադաշտում են, և Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու բացահայտ գործողություն է»,- Թվիթերի իր էջում գրել է Փաշինյանը:
Dressed in mil uniform & in military audience #AZ pres Aliyev in his threatening & aggressive speech of Nov 8 announced that Sisian, Goris, Kapan & other #ARM towns are in field of their view & ARM understands what it means. It is blatant act of terrorizing civil population.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 14, 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին Շուշիում ելույթի ժամանակ կրկին սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել էր, որ Փառուխի, 2022-ի օգոստոսի սկզբի և սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները «պետք է դաս լինեն Հայաստանի համար»։
«Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Հայաստանը պետք է քաջ գիտակցի, թե դա ինչ է նշանակում։ Այսօրվա դրությամբ բոլոր այդ ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Սիսիանը, Կապանը, Գորիսը, Ջերմուկը, անգամ Սևանա լիճն է մեր տեսադաշտում։ Այս ամբողջը իրականություն է և այդ իրականությունը մենք ենք ստեղծել»,- ասել էր Ալիևը։