«Հայաստան» խմբակցությունը «սեփական օրակարգով» մասնակցում է իշխանության նախագծերի քվեարկությանը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը վերադարձել է խորհրդարան և մասնակցում է կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բերած նախագծերի քվեարկությանը։ Նոյեմբերի 16-ի նիստին նրանք ձեռնպահ էին քվեարկում այդ օրենսդրական փաթեթներին։

«Դիմադրություն» շարժման ցույցերի ժամանակ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ խորհրդարան են պատրաստվում վերադառնել բացառապես իրենց օրակարգով։

«Խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով: Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպես արել էինք հունիսի 3-ին: Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»,- հուլիսի 11-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել էր Սաղաթելյանը:

ԱԺ վերադառնալուց հետո նրանք հայտարարել են, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ «իշխանությունը պետք է հեռանա»։

Մինչ այս խորհրդարանական գործունեությանը շարունակելու մասին հայտարարություն էր տարածել «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

«Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում: Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,- գրել էր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել