Հարավային Կովկասի երկրների օգնությունը Թուրքիայի, Սիրիայի ավերիչ երկրաշարժից հետո

Անի Ավետիսյան, Իսմի Աղաև, Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հարավային Կովկասը աջակցության ուղերձներ և օգնություն առաջարկեց: Չնայած երկրաշարժից ավերածություններ կան թե՛ Թուրքիայում, թե՛ Սիրիայում, Սիրիային օգնություն առաջարկել է միայն Հայաստանը:

7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցավ փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 04:17-ի սահմաններում, եղան հետցնցումներ, որոնք մեծ ավերածությունների հանգեցրին հարավարևելյան Թուրքիայում և հյուսիսային Սիրիայում: Թուրքիայի և Սիրիայի զոհերի պաշտոնական թիվը մինչ այժմ կազմում է ավելի քան 5000 մարդ [փետրվարի 10-ի դրությամբ՝ 17 000 – խմբ/], կան տասնյակ հազարավոր վիրավորներ և փլատակների տակ մնացածներ:

Երկրաշարժից տուժածներին աջակցության իրենց հայտարարություններում եվրոպական և հարավկովկասյան երկրներից քչերը հիշատակեցին առանց այդ էլ պատերազմից խարխլված Սիրիայի մասին։ Ե՛վ Սիրիան, և՛ Թուրքիան ունեն կովկասյան զգալի համայնքներ՝ միլիոնավոր էթնիկ հյուսիսկովկասցիներ, վրացիներ և հայեր են ապրում Թուրքիայի տարբեր բնակավայրերում։ Ավելի քան 100 000 հյուսիսկովկասցիներ և հայեր էլ ապրում են Սիրիայում:

Թուրքիա ուղարկվեցին փրկարարներ և օգնություն

Ադրբեջանը Թուրքիային օգնություն առաջարկած առաջին երկրներից էր, իսկ նախագահ Իլհամ Ալիևը խոստացավ 420 փրկարար ուղարկել Թուրքիա: «[Արտակարգ իրավիճակների նախարարության] փրկարար ուժերն արդեն սկսել են որոնողափրկարարական աշխատանքները Ադանա և Քահրամանմարաշ քաղաքներում»,- ասվում է երկուշաբթի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վրաստանը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ Թուրքիա է ուղարկել 60 հրշեջ և փրկարար, ինչպես նաև փրկարարական տեխնիկա։ Ավելի ուշ Բաքուն Թուրքիա ուղարկեց երկրորդ փրկարարական խումբը՝ բաղկացած 41 փրկարարից, այդ թվում՝ 34-հոգանոց զինվորական և քաղաքացիական բժշկական անձնակազմ։ Նրանք ուղարկեցին նաև շարժական դաշտային հիվանդանոց, որը ներառում է վրաններ, անկողնային պարագաներ և ջեռուցիչներ։ Աբխազիայի իշխանությունները առանձին ցավակցական հայտարարություններ են հղել Սիրիային և Թուրքիային։

Երկրաշարժի մասին լուրերը տարածվելուն պես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում ցավակցություն հայտնեց Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին։ Փետրվարի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Թուրքիա և Սիրիա որոնողափրկարարական ջոկատներ ուղարկելու մասին։

Լեռնային Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ «Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչ ողբերգություններ կարող է առաջացնել ավերիչ երկրաշարժը։ Մեր ժողովուրդը շատ լավ գիտի այս ցավը»,- գրեց Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով 1988-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, որի հետևանքով զոհվել էր մոտ 25 000 մարդ։

Սիրիան «լքված է մնացել»

Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Վրաստանի տարածած պաշտոնական հայտարարություններում չեն նշվում Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, որտեղ զոհերի թիվը հասնում է 812-ի [փետրվարի 10-ի դրությամբ՝ մոտ 4000 զոհ – խմբ․]։

Վրաստանը 2018-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ այն բանից հետո, երբ վերջինս պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, իսկ Հայաստանն ու Սիրիան պահպանել են բարեկամական հարաբերությունները միմյանց հետ՝ մասամբ Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայության պատճառով։

Շուրջ 60 000 սիրիահայեր են բնակվում Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում, որը երկրաշարժից ամենաուժեղ տուժած շրջաններից մեկն է: Սոցիալական ցանցերի հրապարակումների համաձայն՝ Հայաստանում գտնվող սիրիահայերը Սիրիա են ուղարկել մոտ 20 տոննա մարդասիրական օգնություն։

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով խոսնակ Բալաշ Ուջվարին հայտարարել է, որ Եվրամիությունը կկարողանա օգնություն առաջարկել Սիրիային միայն այն դեպքում, երբ նրանք «Սիրիայի իշխանություններից պաշտոնական հայց ստանան»։

Զոհեր կովկասցիների շրջանում

Երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն ինը էթնիկ հայ՝ չորսը՝ Սիրիայում, հինգը՝ Թուրքիայում։ Բացի այդ, հաղորդվել է, որ չորս ադրբեջանցի ուսանող փրկվել և հոսպիտալացվել է Մալաթիայում:

Թուրքիայում Վրաստանի քաղաքացիների շրջանում զոհեր չեն գրանցվել։ Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան հայտարարել է, որ իրենք նույնականացրել են Վրաստանի բոլոր անհետ կորած քաղաքացիներին, որոնց մասին տեղյակ են: Ըստ նրա՝ դեսպանատունը փորձում է կապ հաստատել Թուրքիայում գտնվող Վրաստանի հնարավորինս շատ քաղաքացիների հետ: Ջանջղավան Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիներին հորդորել է վերադառնալ Վրաստան, եթե իրենց տունը «ավերված է [կամ] եթե կորցրել են իրենց աշխատանքը»։

Հյուսիսային Կովկասի սփյուռքի «Կավկազ Վաքֆի» կազմակերպությունը պնդում է, որ ավելի քան 50 չերքեզ է մահացել Թուրքիայում, մինչդեռ չերքեզների 40 բնակավայրեր տուժել են երկրաշարժից: Թուրքիայում հաստատված է, որ մահացել է աբխազական ծագմամբ միայն մեկ մարդ։

Թուրքիայում հյուսիսկովկասյան սփյուռքի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ KAFFED-ը, հայտարարել է Կայսերիում և Անկարայում կամավոր փրկարարական խմբերի ձևավորման մասին: Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում բոլորն էլ թեժ գծեր են ստեղծել երկրաշարժից տուժած քաղաքացիների համար։

Թուրքիայում և Սիրիայում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել ԱԳՆ շտապ օգնության թեժ գծին՝ հեռ.՝ +374 60 620 111, WhatsApp և Viber՝ +374 55 620 111:Էլ․ փոստ՝ [email protected]:

Մեկնաբանել