Ռուսաստանը ռազմածովային բազա կստեղծի Աբխազիայում

Սև ծով, Սուխումիի ափը, OC Media։

OC Media

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Ռուսաստանը «մոտ ապագայում» ռազմածովային բազա կստեղծի Օչամչիրում:

«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Բժանիան ասել է, որ Սուխումին Մոսկվայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռազմածովային բազա ստեղծելու վերաբերյալ, որպեսզի հզորացնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի պաշտպանական կարողությունները։

Ասլան Բժանիան հարցազրույցը տվել է Սև ծովի ափին գտնվող ռուսական առողջարանային քաղաք Սոչիում, որտեղ հոկտեմբերի 3-4-ը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Հանդիպումն անցել է բարեկամական, վստահելի մթնոլորտում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բժանիան՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել ստեղծվելիք ռազմածովային բազայի մասին։

Բժանիան նաև ասել է, որ Պուտինի հետ քննարկել է Միութենական պետությանը (վերազգային միություն Ռուսաստանի և Բելառուսի միջև) Աբխազիայի անդամակցության հարցը։

«Մենք բոլոր հիմքերն ունենք Ռուսաստանի Դաշնության աջակցության վրա հույս դնելու,- ասել է Բժանիան,- Մենք խոսեցինք ապագայում Միութենական պետությանը Աբխազիայի հնարավոր անդամակցության մասին»։

«Այս ամենը դրական ընդունվեց, մենք պետք է դրա վրա աշխատենք օր ու գիշեր»,- ասել է Բժանիան, որն այս տարվա սկզբին հերքել էր Միութենական պետությանը Աբխազիայի միանալու մասին լուրերը:

Բժանիան հավելել է, որ Պուտինը խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Աբխազիային էներգակիրների մատակարարման ոլորտում։ Նրանք քննարկել են նաև Աբխազիայում էլեկտրակայանի ստեղծման հարցը։

Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան հինգշաբթի շեշտել է, որ «ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, Աբխազիայի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է»։

Նա պնդել է, որ ռազմածովային բազան համապատասխանում է «մեր ժողովրդի հիմնարար շահերին՝ նպաստելով մեր անվտանգության ամրապնդմանը»։

Միաժամանակ Արձինբան կարևորել է ուժի չկիրառման մասին Վրաստանի կառավարության հետ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։

«Սա այն հարցը չէ, որը պետք է հետաձգել։ Մենք արտաքին աշխարհն ենք։ Այնուամենայնիվ, Վրաստանի դիրքորոշումը չի նպաստում Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին»,- ասել է Արձինբան։

Աբխազիայում ռազմածովային բազա ստեղծելու մասին հայտարարվում է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, որի կենտրոնակայանը ներկայումս գտնվում է Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում, սկսել է ավելի հաճախ հրետակոծվել Ուկրաինայի զինուժի կողմից։

Սեպտեմբերի 22-ին ուկրաինական հրթիռային հարվածն ավերել է Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանը:

Նավատորմի վրա մի քանի հաջող հարվածներից հետո Ռուսաստանն ավելի ու ավելի շատ նավեր է տեղափոխել Սև ծովի իր արևելյան նավահանգիստ Նովոռոսիյսկ:

«Օկուպացիայի հետևանք»

Պաշտոնական Թբիլիսին շատ արագ դատապարտել է Աբխազիայում ռուսական ռազմածովային բազայի մասին լուրը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ բազայի ստեղծումը «Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է և Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի (Հարավային Օսիա) շրջանների անօրինական օկուպացիան օրինականացնելու ևս մեկ սադրիչ փորձ»։

Հինգշաբթի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ բազայի ստեղծումը «էլ ավելի է վատացնում իրավիճակը»։

«Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը պատրաստվում է մեր տարածքում առանց մեր թույլտվության երրորդ ռազմաբազան կառուցել, տվյալ դեպքում՝ ռազմածովային բազա»,- Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի ընդդիմադիր գործիչները նույնպես դատապարտել են լուրը։ «Լելո» կուսակցության նախագահ Բադրի Ջափարիձեն Մոսկվային մեղադրել է ուկրաինական պատերազմը Վրաստանին «փոխանցելու» մեջ:

«Բոլորս պետք է հասկանանք, որ այս բազան օգտագործվելու է ռուսական ռազմական և ռազմածովային ուժերին պատսպարելու համար, որոնք այսօր հարձակման են ենթարկվում Սևաստոպոլի և Նովոռոսիյսկի նավահանգիստներում»,- ասել է Ջափարիձեն։

«Այդ նավերում կան թևավոր հրթիռներ, որոնք ամեն օր արձակվում են Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա, հետևաբար այդ նավերը օրինական թիրախներն են ուկրաինացի զինվորականների համար, և, հետևաբար, այս բազայի ստեղծումը ռազմական գործողություններն Աբխազիա տեղափոխելու ուղղակի փորձ է»,- հավելել է նա։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին ուրբաթ հայտարարել է, որ Աբխազիայում ռուսական մեկ այլ ռազմակայանի բացման մասին տեղեկությունները «չափազանց մտահոգիչ են»։

«Դա կլինի 2008-ի վեց կետից բաղկացած ծրագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտում, դա ակնհայտորեն իրադարձությունների շատ անցանկալի և մտահոգիչ զարգացում է»,- հայտարարել է Հերչինսկին։

Ընթերցանությունն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում և Հարավային Օսիայում հաստատությունների կամ քաղաքական դիրքորոշումների հիշատակման ժամանակ OC Media-ն նախընտրում է չօգտագործել այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված»: Սա չի ենթադրում, որ դրանով OC Media-ն դիրքորոշում է հայտնում դրանց կարգավիճակի վերաբերյալ։

Մեկնաբանել