Հայաստանը երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության սահմանափակման․ ԱԳՆ

Foreign Ministry Ագն

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նոյեմբերի 9-ին արձագանքել է ռուսաստանցի իր գործընկեր Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե տարածաշրջանային ապաշրջափակման ուղղությամբ «մեծ աշխատանք է կատարվել, հաջողվել է մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլորին, բայց, ցավոք, աշխատանքն ավարտին հասցնել չհաջողվեց, քանի որ որոշ մարդկանց մոտ պակասում է քաղաքական կամքը դա անելու համար, և դա մենք չենք»։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:

Բացի դրանից, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:

Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,- հայտարարել է խոսնակը։

Մեկնաբանել