Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նա տեղեկացրել է, որ Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։

«Նա հարցաքննվել է նույն գործով, որին ծանոթ եք՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մրցութային պատմության վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել նաև պարոն Քերոբյանին։ Մեղադրանքը պարոն Քերոբյանը չի ընդունում։ Մենք գտնում ենք, որ այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ, և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Այն հետևությունները և եզրահանգումները, որոնք բերված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում։ Մեր գնահատմամբ՝ դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են»,- մանրամասնեց Եգորյանը։

Փաստաբանը նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով, շատ մանրամասներ չի կարող հայտնել։

«Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ աղդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)»,- հայտարարեց Եգորյանը։

Փաստաբանը հավելեց, որ Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նախօրեին Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։

Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ հեռանում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։

Կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով հունվարի 31-ին ձերբակալվել էր էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը և ևս 6 անձ: Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:

Մեկնաբանել