Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության»,- ասաց Բադալյանը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին հայտնել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև վերջին հանդիպումը կայացել էր 2023-ի հուլիսի 25-ին Մոսկվայում։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ փետրվարի 17-ին կայացած հանդիպմանը պայմանանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնելու շուրջ։

«Արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը»,- փետրվարի 18-ին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր վարչապետը։

Մեկնաբանել