Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում․ Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ առանձին պետությունների հետ գործընկերությունն ընդլայնելու հարցում։ Այդ մասին մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շահագրգռված ենք՝ շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության» ծրագիրը շուտով կհաստատվի։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմի որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել տարածաշրջանի երկրների դեմ։

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը։ Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ընդգծեց նա։

Մեկնաբանել