Պատերազմ սահմանին, պատերազմ տանը․ 2023-ին ընտանեկան բռնության դեպքերը կրկնակի աճել են

«Մեր ամուսնության սկզբնական ժամանակահատվածում ամեն ինչ կարգին էր։ Մենք սիրում էինք իրար։ Հետո նա սկսեց շատ նյարդային դառնալ և վրդովվել ոչնչից։ Ես ամեն ինչ փորձում էի անել նրան գոհացնելու համար, բայց ոչինչ չէր ստացվում։ Մտածում էի՝ հենց երեխա ունենանք՝ նա կփոխվի, բայց հետո՝ հղիության ընթացքում, մեղադրում էր ինձ, որ միայն երեխայի մասին եմ մտածում և սկսեց հարվածել ինձ, անգամ փորիս։ Ես ջախջախված էի և վախենում էի կորցնել երեխայիս, բայց հետո նա գալիս էի ծաղիկներով և ներողություն խնդրում։ Մտածում էի, որ ամեն ինչ կհարթվի, սակայն որոշ ժամանակ անց ամեն ինչ նորից էր վատանում․․․» (շարունակությունը՝ այստեղ

Այս պատմությունը մեկն է այն հազարավորներից, որոնց բախվում են ընտանեկան բռնության դեպքերի հետ աշխատող կառույցները։ Բռնության գործադրում, մեղքի զգացում, դրական վերաբերմունք, բռնություն․․. Այս շղթան հաճախ կարող ենք տեսնել ընտանիքներում, որոնցում բռնություն է գործադրվում ընտանիքի որևէ անդամի հանդեպ։

Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ 2023 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1 819 դեպք: Նախորդ տարի 14 կին մահացել է ընտանիքում տեղի ունեցած բռնության հետևանքով։

2023-ին ընտանեկան բռնության դեպքերի կրկնակի աճ է արձանագրվել

Կանանց աջակցման կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ 2023 թվականին ընտանեկան բռնության դեպքերի կրկնակի աճ է արձանագրվել Հայաստանի ամբողջ տարածքում․ «Բոլոր մարզերում անցած տարվա ընթացքում որպես ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ աշխատող հկ-ների շահառուների թիվը 1 500-ից անցել է։

Զարուհի Հովհաննիսյանը

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 960 քրեական գործ է քննվել, և նախորդ տարիների համեմատ՝ կրկնակի աճ է գրանցվել։ Այսինքն՝ այն քրեական գործերը, որոնք նախկինում տեղ չէին հասնում, կամ մարդիկ նույնիսկ բռնության պարագայում շատ հաճախ ասում էին, որ սայթաքել են, ընկել են կամ ինչ-որ ձևով կոծկում էին այդ փաստը, հիմա հնարավոր չի լինում դա անել, և այդ դեպքերը բացահայտվում են»։

Փետրվարի 7-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը։

Դեռևս 2017 թվականին ընդունված օրենքն ուներ բարեփոխումների կարիք, մի շարք թերություններ ու բացեր, որոնց վերանայմանն էլ ուղղված է փոփոխությունների այս նախագիծը։

«2017 թվականին այդ օրենքի դեմ կար լուրջ դիմադրություն հետադիմական պատկերացումներ կրող խմբերի կողմից, որոնք իրավապաշտպաններին մեղադրում էին իբրև թե Հայաստանում ոչ առկա խնդիրը մեծացնելու, խնդիր դարձնելու համար և այլն։ Ուստի պետությունը այն ժամանակ բավական թերի կողմերով ընդունեց օրենքը, և այժմ բարեփոխման անհրաժեշտություն կա,- նշում է Հովաննիսյանը, ապա անդրադառնալով այն թեզին, թե հարցն արհեստականորեն է բերվում օրակարգ, հավելում է, – այն, որ դա խնդիր չէր, և ժամանակը չէր դրա, կարծում եմ՝ շատ սխալ է, որովհետև բոլոր վիճակագրական տվյալները խոսում են նրա մասին, որ ընտանեկան բռնությունը երկրում խնդիր է և ոչ միայն խնդիր է զուտ թվերով, այլ որակապես։ Կանանց, երեխաներին, խոցելի խմբերին անհրաժեշտ է պաշտպանել․ դա պետության պարտականությունն է»։

Արարատի ու Վայոց ձորի մարզերի «Դու մենակ չես» աջակցման կենտրոնի տնօրեն Նաիրա Հարությունյանի խոսքով՝ ըստ տարածված միֆի՝ ընտանեկան բռնության ենթարկվում են մեծ մասամբ բարձրագույն կրթություն չունեցող կանայք, սակայն մարզերում բռնության ենթարկված անձանց վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս։

Նաիրա Հարությունյանը

Բռնության թվերի աճի մասին էլ փաստում արձանագրվող դեպքերը․ եթե, օրինակ, Վայոց Ձորում 2020 թվականին կենտրոն դիմել է 86 շահառու, ապա 2023 թվականին այդ թիվը հասել է 116-ի։ Նախորդ տարվա ընտանեկան բռնությունների զգալի աճը, ըստ Նաիրա Հարությունյանի, պայմանավորված է նաև պատերազմով․ «Մեր աշխատանքում մենք զգում ենք, թե ինչպես են 2023 թվականի դեպքերը անդրադարձել մարդկանց վրա, որովհետև տարին նոր է սկսվել, արդեն շահառուների մեջ կան զգալի թվով Արցախից տեղահանված կանայք, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության»։

Պատերազմը բռնությանը նպաստող գործոններից մեկն է համարում նաև Զարուհի Հովհաննիսյանը։

Բացի բռնության ենթարկված արցախցի կանանց աջակցություն ցուցաբերելուց կարևոր են նաև պատերազմի այլ տիպի ազդեցությունները․

Պատերազմից հետո զենքի գործադրմամբ բռնության դեպքերն են ավելացել։ Կանայք նշում են, որ իրենց ամուսիններն ունեն զենք և այդ զենքով սպառնում են, այսինքն՝ պատերազմի հավելյալ ազդեցության ձևերից մեկը նաև մեծ քանակությամբ զենքի առկայությունն է քաղաքացիական բնակչության շրջանում։

«Իսկ երբ մեզ դիմում են կանայք, որոնք Հայաստանի քաղաքացիներ են, շատ հաճախ նաև նշում են, որ իրենց ամուսինները մասնակցել են 44-օրյա պատերազմին կամ էլ պայմանագրային զինծառայողներ են, աշխարհազորայիններ, որոնք որոշակի ժամկետներով բարձրանում են դիրքեր և վերադառնում»։

Նախորդ տարի նաև շեշտակի աճել է ապաստարան դիմող կանանց թիվը. 2023 թվականին Կանանց աջակցման կենտրոնը կացարան է տրամադրել գրեթե 300 կնոջ և երեխայի։ Համեմատության համար՝ նախորդ տարիներին շահառուների թիվը չէր գերազանցում 90-ը։ Գաղտնի ապաստարանները գործում են Կանանց աջակցման կենտրոնի ներքո, որտեղ էլ ուղղորդվում են մարզերի շահառուները, որոնք ունեն անվտանգության խնդիր։

21-ամյա Էլենի հիշողություններում Կոտայքի մարզում գտնվող իրենց համայնքում ընտանեկան բռնության դեպքերը շատ են ու բազմազան։ Նրա կարծիքով՝ բռնության թվերը վերջին ժամանակներում չեն նվազել, այլ սկսել են ավելի լավ կոծկել դեպքերը․ «Վերջին ամիսներին համայնքում ոստիկաններ են սկսել շրջել և անհամեմատ ավելի քիչ ենք լսում, որ որևէ ընտանիքում բռնության դեպք է եղել։ Սակայն մեզ թվում է, թե թեթևացել է, այսինքն՝ շշուկներ չեն տարածվում։ Իրականում կանայք էլ չեն բարձրաձայնում բռնության դեպքերը, վախենում են հիմնականում, մտածում են՝ ընտանիքը կքանդվի ու չեն բաժանվում, անգամ կնասպանության դեպքեր են եղել, որոնք դժբախտ պատահարի անվան տակ թաքցրել են, և այդպես էլ բռնարարը չի պատժվել»։

«Հարսին տանում են հիվանդանոց՝ կուսությունը ստուգելու»

Օրենքի փոփոխությամբ կարգելվի նաև կուսության ստուգումը։ Էլենի խոսքով՝ գյուղում դեռևս շարունակվում է նաև այդ ավանդույթը․ «Սկեսուրները իրենց հարսին տանում են հիվանդանոց իբրև գինեկոլոգիական ստուգումների՝ առողջական խնդիրների հետ կապված, բայց իրականում նպատակը կուսության ստուգումն է լինում։ Իմ կարծիքով՝ քանի որ չեն կարող այլևս այդպես անել, սկսելու են նորից հին մեթոդին անցնել՝ սավանը ստուգել»։

Վայոց ձորի և Արարատի մարզերի Կանանց աջակցման կենտրոնի տնօրենը համոզված է՝ անհրաժեշտ արշավներ անելու արդյունքում այդ դեպքերի մասին կանայք ևս կսկսեն ավելի հաճախ բարձրաձայնել․ «Դեռ այդ մասով ինչ-որ մեկի անհանգստությունը չի եղել, որ բարձրաձայնած լինեն, բայց զգում եմ նաև, որ մենք դրա հետ առնչվելու ենք։ Ամեն դեպքում մենք դրան էլ ենք պատրաստ, և կարծում եմ՝ եթե իրազեկման ինչ-որ արշավների ժամանակ այդ մասով էլ անդրադառնանք օրենքի փոփոխություններին, ապա նման դեպքերի ևս կբախվենք»։

Կրկին անդրադառնալով օրենքի անհրաժեշտությանը՝ Զարուհի Հովհաննիսյանը նշում է. «Օրենք ունենալը երաշխիք է, որ մարդիկ ունենան թե՛ պաշտպանություն, թե՛ աջակցություն և որ օրենքի շրջանակներում լիազոր մարմինները կարողանան հստակորեն կազմակերպված աշխատել»։

Իրավապաշտպանները հորդորում են ընտանեկան բռնության ենթարկվելու դեպքում անմիջապես զանգահարել Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծ՝ 099 88 78 08 հեռախոսահամարին։

Հոդվածը պատրաստեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Լյուդմիլա Շիրվանյանը

Մեկնաբանել