ԵՄ առաքելությա՞ն, թե՞ ՀԱՊԿ-ի աչքի առաջ են զավթել հայկական տարածքները․ բանավեճ ԱԺ-ում

Մարտի 19-ին Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի խորհրդարանական քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ու իշխանության միջև բանավեճ ծագեց, թե ում աչքի առաջ է Ադրբեջանը զավթել հայկական տարածքները։

«Արդյոք կառավարությունը համարո՞ւմ է, որ 31 գյուղերի մեծ մասի զավթումը եղել է Եվրոպական միության դիտորդների առկայությամբ»,- «Հայաստան» խմբակցության պատգմավոր Աղվան Վարդանյանը նման հարց ուղղեց կառավարության ներկայացուցչին՝ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին, որը խորհրդարանին էր ներկայացնում համաձայնագիրը։

Վերջինս էլ պատասխանեց, որ ԵՄ առաքելության բնույթն այլ է․ «Այդ առաքելության շրջանակներում իրենք կատարում են իրենց գործողությունները»։

Բանավեճը շարունակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նախ շտկեց ընդդիմադիր պատգամավորին՝ ասելով, որ խոսք է գնում 31 ոչ անկլավային ու մեկ անկլավային (Արծվաշեն) տարածքների մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանի իքնիշխան տարածքների զավթմանը, ապա Ռուբինյանը հիշեցրեց, որ դրանց մի մասն Ադրբեջանը գրավել էր 1991-ին։

«ԵՄ դիտորդական առաքելության պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերին, իսկ դրան նախորդել էր Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան հարձակումը, որով օկուպացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը։ Եթե այդ կոնտեքստի շրջանակում քննարկենք հարցը, ապա ԵՄ ներկայացուցիչները Ադրբեջանի գործողությունները որակել են որպես ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք։ Ցավոք, ՀԱՊԿ-ը այդպես չի որակել»,- ասաց Ռուբինյանը։

Նա շեշտեց, որ ԵՄ դիտորդական առաքելության՝ Հայաստան գալու որոշումը կայացվել է 2022-ի սեպտեմբերյան հարձակումից հետո։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն նկատեց, որ 2022-ին ԵՄ դիտորդների ժամանման հարցի վերաբերյալ քննարկումներում իշխանությունն այն ներկայացնում էր որպես «փրկության նշույլներից մեկը», իսկ ներկայում, ըստ նրա, խոսվում է նոր պատերազմի մասին․ «Հիմա ողբերգություն է երևի, որ երբ ԱԺ-ում քննարկում ենք այս փաստաթուղթը, մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով։ Եվրոդիտորդները Հայաստանում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով, Հայաստանի նոր օկուպացիայով»,- հայտարարեց Մանուկյանը։

ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ խոսեց Թուրքիայի գործոնից, քանի որ ընդդիմադիր գործընկերը մի քանի անգամ շեշտեց, թե ԵՄ առաքելության կազմում, ըստ համաձայնագրի, կարող է լինել նաև երրորդ երկրի, տվյալ դեպքում՝ Թուրքիայի ներկայացուցիչ․ «Խոսվում է Թուրքիայի դերակատարությունից, պետք է արձանագրեմ, որ տարածաշրջանում, այսինքն՝ Հարավային Կովկասում, Թուրքիայի ռազմական ներկայության միակ դեպքը ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնն է, որը ստեղծվեց երկու պետությունների համաձայնությամբ Ադրբեջանում»,- ասաց պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց, որ փաստաթղթի իրավական հիմքերը թույլ են, ուստի խմբակցությունը ձեռնպահ կլինի համաձայնագրի քվեարկության ժամանակ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել