Հայկ Մարությանը «Նոր ուժ» է հիմնում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարությանի թիմից հայտնեցին, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»։

Նոր ստեղծվող կուսակցության համագումարը կկայանա մայիսի 1-ին։

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։

Հրապարակային ծանուցումների պաշտոնական Azdarar.am կայքում կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրն ու կանոնադրությունը։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

«Նոր ուժ» կուսակցության գաղափարական հենքը սոցիալ-ռեֆորմիզմն է։

«Դասական սոցիալ-դեմոկրատիայի տարատեսակը հանդիսացող այս գաղափարախոսության անունն իսկ պարունակում է սոցիալական արդարության և բարեկեցության ձգտումը շարունակական ռեֆորմների միջոցով։ Սոցիալ-ռեֆորմիստական գաղափարախոսության մեր ընկալումը ենթադրում է, որ պետությունը, երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու, ազատ շուկայական հարաբերությունները զարգացնելու, մասնավոր սեփականությունն ու ձեռնարկատիրությունը խթանելու հետ մեկտեղ, ստանձնում է այնպիսի կարգավորող գործառույթ, որը կապահովի հավասար հնարավորություններ շուկայի զարգացման համար։ Իսկ առանձին դեպքերում պետությունը դիմում է ավելի գործուն միջոցների՝ հնարավոր ճգնաժամերը կանխելու կամ առաջացած ճգնաժամերը հաղթահարելու նպատակով»,- ասված է ծրագրում։

Ըստ կուսակցության հիմնադիրների՝ ներքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներն են բազմակուսակցական համակարգի կայացումը, պրոֆեսիոնալ իրավապահ համակարգի ստեղծումը, զինված ուժերի իրական ռեֆորմների անցկացումը, «էլիտար» կոռուպցիայի դեմ պայքարը, անվճար բարձրագույն կրթությանը միտված ռեֆորմների իրագործումը, ինչպես նաև «44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների վերհանումը, քաղաքական կաշկանդվածությունից զերծ քննությունը, իրավական և քաղաքական գնահատականը»։

Ծրագրում արտաքին քաղաքականության բաժնում նշվում է, որ Հայաստանը պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հնարավորինս լայն կապեր ստեղծել տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում, բացառելով աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմում հայտնվելու հավանականությունը։

«Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների վարած անհեռատես, չհաշվարկված եւ վայրիվերո արտաքին քաղաքականության հետեւանքով ոչ միայն վերացավ Արցախի հայկական պետականությունը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ահռելի անվտանգային մարտահրավերների առաջ՝ խարխլելով Հայաստանի արտաքին քաղաքական վարկը, կրճատելով հնարավորությունների շրջանակը եւ լուրջ հարված հասցնելով երկրի պաշտպանունակությանը։ Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկրները օգտվում են այս իրավիճակից՝ անընդհատ նորանոր զիջումներ կորզելով ու շարունակելով պահանջել ավելին։ Այս խոցելի իրավիճակից երկիրը կարող է դուրս գալ միայն ճկուն, հավասարակշռված եւ բանիմաց արտաքին քաղաքականության շնորհիվ՝ որդեգրելով «չկան հավերժ բարեկամներ եւ թշնամիներ, կան հավերժ շահեր» սկզբունքը»,- ասված ծրագրի մեջ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը հիմնվում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքի վրա․ «Ուժի և ուժի սպառալիքի կիրառմամբ և էթնիկ զտումների միջոցով հնարավոր չէ չեղարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը դրված է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում»։

Սփյուռքի հետ հարաբերությունների անկյունաքարը, ըստ կուսակցության՝ աշխարհի բոլոր հայերին Հայաստանում մեկտեղելու գաղափարն է․ «ՀՀ-ն պայմաններ է ստեղծում հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար, մյուսներին խրախուսում է հնարավորինս ամուր պահել կապը պատմական հայրենիքի հետ։ Հայաստանը պետք է արձագանքի սփյուռքի համայնքներում հայատյացության ու իրավունքների սահմանափակումների այլ դրսեւորումներին և քայլեր ձեռնարկի՝ դրանք վերացնելու ուղղությամբ»։

  • Nobody cares! He can’t win in Yerevan against a weak mayor, how is he going to win against the government in the regions!

Մեկնաբանել