«Վրացական երազանքը» կչեղարկի խորհրդարանի գենդերային քվոտաները

Խորհրդարանի բյուրոյի նիստ, 25-ը մարտի, 2024: Լուսանկարը։ Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի կայքից։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ աջակցելու է կուսակցությունների նախընտրական ցուցակներում գենդերային քվոտաները վերացնելու նախաձեռնությանը։

Կուսակցությունը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստվում է աջակցել «Գիրչի – Նոր քաղաքական կենտրոն» կուսակցության առաջարկին, որով փոփոխություններ են նախատեսվում Ընտրական օրենսգրքում։

Գենդերային քվոտաներն իշխող կուսակցությունը ներդրել է 2020-ին՝ խորհրդարանում ստանալով միջկուսակցական աջակցություն։ Գործող կանոնները ենթադրում են, որ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի յուրաքանչյուր չորրորդ անձը պետք է լինի նախորդ երեքի հակառակ սեռի ներկայացուցիչ։

«Գիրչին», որն ազատական կուսակցություն է, այդ ժամանակից ի վեր բողոքում էր քվոտաների դեմ, իսկ այժմ կուսակցության նախագահ Յագո Խվիչիան համարում է, որ Վրաստանում քաղաքական կյանքին կանանց չմասնակցելու պատճառը նրանց «քաջության» պակասն է:

«Գիրչին» նաև առաջարկել է Վրաստանի բոլոր օրենքներից հանել սեռի մասին բոլոր հիշատակումները՝ «Վրացական երազանքի» վերջին առաջարկի ֆոնին, որը նախատեսում է փոխել է Սահմանադրությունը և արգելել ԼԳԲՏՔ համայնքի «քարոզչությունը» և սեռափոխությունը։

Ընդդիմադիր «Լելո» և «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցությունները հայտարարել են, որ դեմ կլինեն այդ քայլին:

«Վրացական երազանքն» ու «Գիրչին» հայտարարել են, որ այդ հարցում համաձայնության են եկել։ Կողմերն ասել են, որ համաձայնությունը ձեռք է բերվել քաղաքական սակարկությունների արդյունքում. ի պատասխան «Գիրչին» խոստացել է աջակցել Ընտրական օրենսգրքում «Վրացական երազանքի» նախատեսած վիճելի փոփոխություններին, որոնց վրա վերջերս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին վետո էր դրել: Ակնկալվում է, որ «Գիրչիի» օրենքի նախագիծը խորհրդարանն այս շաբաթ կքննարկի արագացված կարգով։

Իր նախաձեռնած օրինագծում «Գիրչին» նշում է, թե գենդերային քվոտաները միջոց են՝ «օգնելու քաղաքականությամբ հետաքրքրվող կանանց, որպեսզի նրանք խուսափեն քվոտաների պատճառով իրենց հեղինակությանը հասցված վնասից»:

Վրաստանում մի քանի լիբերալ խմբեր քննադատել են քվոտավորումը՝ համարելով, որ դրանք «վիրավորական» են կանանց համար: «Գիրչին» և «Ազատության ինստիտուտ» իրավապաշտպան կազմակերպությունը նույնիսկ վիճարկել են քվոտաները Սահմանադրական դատարանում, սակայն՝ ապարդյուն։

«Վրացական երազանքի» պատգամավոր և խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն արդարացրել է «Գիրչիի» հետ իրենց փոխզիջումը՝ հայտարարելով, որ այդ միջոցը, այնուամենայնիվ, ժամանակավոր է, և որ մեխանիզմը «այլևս այնքան էլ կարևոր չէ, որպեսզի ընդդիմությունն արգելափակի այս նախաձեռնությունը»:

Թալակվաձեն նշել է, որ իրենց համար ավելի մեծ առաջնահերթություն է եղել միջկուսակցական համաձայնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի հաստատման հարցում։

Թալակվաձեն պնդել է, որ «Վրացական երազանքը» մեծ ջանքեր է գործադրել՝ խրախուսելու կանանց, որպեսզի զբաղվեն քաղաքականությամբ, այդ թվում՝ ստեղծելով կուսակցության «ուժեղ» կանանց համաժողով: Նա նաև ընդգծել է, որ կուսակցություններին չի արգելվի կամավոր կերպով կանանց ներառել իրենց ընտրական ցուցակներում, ինչը, նրա պնդմամբ, մտադիր է անել իր կուսակցությունը։

Անդրադառնալով գործարքին՝ «Եվրոլավատեսներ» խորհրդարանական խմբի պատգամավոր Խատիա Դեկանոիձեն ասել է, որ դրանով «Վրացական երազանքը» փորձում է իրենց ցուցակում տեղեր ազատել ավելի հարուստ տղամարդկանց համար, որոնք, ըստ նրա, նախկինում զբաղեցրել են մեծամասնական պատգամավորների տեղերը:

2020-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանքից» ընտրված մեծամասնական 30 թեկնածուներից միայն մեկն էր կին։ Կուսակցությունն այդ ժամանակ դա արդարացրեց՝ նշելով, որ պարտադիր գենդերային քվոտաները չեն տարածվում մեծամասնական ընտրակարգի վրա, այլ միայն՝ կուսակցությունների համամասնական ցուցակների վրա։ 2024-ի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով։

Մեկնաբանել