Կառավարությունը գործազրկության 2008թ. ցուցանիշներին ուզում է հասնել 2018թ.

Այսօր կառավարության հերթական նիստին հավանություն է տրվելու «Հայաստանի զբաղվածության 2013-2018  թթ. ռազմավարության և սոցիալական ներգրավվածության զեկույցին», որի դրույթների իրականացման դեպքում գործազրկության մակարդակը 2018թ. կլինի այնքան, որքան տասը տարի առաջ։ Հինգ տարի անց Հայաստանում գործազրկությունը կկազմի 16,3%՝ 2008թ. 16,4%-ի փոխարեն։

Ավելի քան 100-էջանոց զեկույցում «Զբաղվածության քաղաքականության բարեփոխումների հիմնական թիրախային ցուցանիշները և ապահովման ֆինանսական գնահատումը» բաժնում նշվում է, որ կառավարության գործունեության 2012-2017  թթ. ծրագրով ակնկալվում է շուրջ 100  հազ. նոր աշխատատեղերի ստեղծում։ Զեկույցի հեղինակները, հիմք ընդունելով, որ տնտեսապես ակտիվ բնակչության տարեկան միջին թվաքանակը կմնա անփոփոխ, ինչպես նաև 2013-2018  թթ. համար կանխատեսվող կայուն զբաղված դարձածների թվաքանակի միջին տարեկան աճի ցուցանիշը, գտնում են, որ 2013-2018  թթ. գործազրկության մակարդակի միջին տարեկան նվազման ցուցանիշը կկազմի 0,35-տոկոսային կետ: Արդյունքում գործազրկության մակարդակը մինչև 2018թ. հնարավոր կլինի կրճատել 2,1%-ային կետով՝ հասցնելով 16,3%-ի՝ 2011թ. 18,4%-ի դիմաց:

Սա նշանակում է, որ եթե տնտեսապես ակտիվ բնակչության թիվն առաջիկա հինգ տարիներին մնա անփոփոխ, ապա 2018թ. Հայաստանում գործազուրկ կլինի 233,8  հազ. մարդ։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ անցած տարի Հայաստանում կար 265,7  հազ., իսկ այս տարվա երկրորդ եռամսյակի վերջին՝ 246,2  հազ. գործազուրկ։ Ստացվում է, որ ռազմավարության իրականացման արդյունքում գործազուրկների թիվը լավագույն դեպքում կկրճատվի 31,9  հազ-ով, այն դեպքում, երբ կառավարությունը խոստանում է 100  հազ. աշխատատեղի ստեղծում։

Մյուս կողմից, եթե 2018թ. Հայաստանում գործազրկության մակարդակը կազմի 16,3%, ապա այն 10 տարվա ցուցանիշի համեմատ կբերալավվի ընդամենը 0,1%-ային կետով. 2008թ. գործազրկության մակարդակը կազմել էր 16,4%, իսկ գործազուրկների թիվը՝ 231,5  հազ.։ Ռազմավարության իրականացման արդյունքում Հայաստանում ավելի շատ գործազուրկ կլինի, քան 2008թ.։

Իհարկե, Հայաստանում գործազրկության կտրուկ աճ արձնագրվել է 2009թ. ճգնաժամային տարում՝ 265,9 գործազուրկ, բայց հիմք ընդունելով 2011թ. գործազուրկների պաշտոնական թիվը՝ ստացվում է, որ թեև ԱՎԾ-ն վերջին երեք տարիներին արձանագրում է տնտեսական աճ, իսկ կառավարությունը հայտարարում է տնտեսական վիճակի կայունության մասին, գործազուրկների թվի նվազում տեղի չի ունեցել։ Սա այն դեպքում, երբ միայն 2010 և 2011  թթ. Հայաստանը լքել է 90,5  հազ. մարդ։

Փաստորեն, «Հայաստանի զբաղվածության 2013-2018  թթ. ռազմավարության և սոցիալական ներգրավվածության զեկույցում» նկարագրված գործողությունների ու միջոցառումների հաջող իրականացման դեպքում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. կմոտենա տասը տարի առաջվա մակարդանին:

Մեկնաբանել