ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են օրենքների նախագծեր

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ դեկտեմբերի 3-ի նիստում քննարկել է հարկային ոլորտին վերաբերող մի շարք օրինագծեր, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարության հեղինակած «Շրջանառության հարկի մասին» և դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ձևավորմանը, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրության հստակեցմանը, պարզեցմանը, տարընկալումների վերացմանը, արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորությունների ձևավորմանը, հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:

ԱԺ պատգամավորներ Արմեն Բաբայանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է համահեղինակ Արմեն Բաբայանը:

Օրենքների նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկ և մաքսատուրք չգանձել գյուղատնտեսության մեջ օգտագործվող պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների, տնկիների և լոբու ու ոլոռի սերմերի ներկրման ժամանակ, ինչը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռքբերման մատչելիության բարձրացմանը և օգտագործման ծավալների ավելացմանը, արդյունքում ճյուղի արդյունավետության բարձրացման համար կստեղծվեն լավ նախադրյալներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային ոլորտին վերաբերող «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսրգքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Դրական եզրակացություն է ստացել նաև երկրորդ ընթերցման ներկայացված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2010թ. ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», ինչպես նաև մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ պատգամավորները քննարկել են 2012 թվականի հուլիսի 9-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, տեղեկացրել է, որ ծրագրի նպատակն է հարկային վարչարարությունը բարեփոխելու և արդիականացնելու միջոցով կրճատել հարկերից խուսափելու դեպքերը, խթանել հարկային պարտավորությունների կամավոր կատարումը և բարձրացնել վարչական արդյունավետությունը:

Քննարկված համաձայնագիրը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելու ԱԺ դեկտեմբերի 3-6-ի չորսօրյա նիստերի օրակարգում:

Մեկնաբանել