HSBC-ն ԱՄՆ-ին մոտ $2 մլրդ-ի տուգանք կվճարի

Բրիտանական HSBC բանկը ԱՄՆ-ին կվճարի $1,9 մլրդ-ի տուգանք փողերի լվացման գործով արտադատարանային համաձայնության շրջանակում, հաղորդում է BBC-ն։

Բանկը ԱՄՆ-ի իշխանությունների կողմից մեղադրվում էր նարկոկարտելներին ու երկրներին (որոնց նկատմամբ սահմանված են ամերիկյան պատժամիջոցներ) պատկանող փողերի լվացմանը հանցակից լինելու մեջ։

Այս տարվա սկզբին HSBC-ն խոստովանել էր, որ չունի այդպիսի գործունեության վերահսկման հուսալի գործիքներ, ինչը բացահայտվել էր ԱՄՆ-ի Սենատի իրականացրած հետաքննության ընթացքում։

Նոյեմբերին բանկը հայտարարել էր, որ $1,5 մլրդ է հատկացրել հնարավոր տուգանքի վճարման ծախսերը ծածկելու համար։

Ինչպես հաղորդում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը, այս գործարքի մանրամասները հնարավոր է՝ հայտարարվեն արդեն այսօր։

Նախօրեին մեկ այլ բրիտանական բանկ՝ Standard Chartered-ը, ԱՄՆ-ի գանձապետարան էր վճարել $327 մլն՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները խախտելու մասին գործը դադարեցնելու համար։

Մեկնաբանել