20 րոպե շարունակ կրակոցներ են հնչել Գյումրիում

Լուսանկարը` Galatv.am-ի

Galatv.am-ի նկարահանող խումբը վերադարձել է Գյումրիի Շիրակացի փողոցից, ուր ժամեր առաջ հնչել են կրակոցներ: Դեպքը տեղի է ունեցել «Արագած» խանութի մոտակայքում՝ Գյումրիի կենտրոնական թաղամասերից մեկում: Ինչպես պատմել են ականատեսները, ուղիղ 20 րոպե Գյումրիի կենտրոնում կրակել են. «Կրակում էին Քավոր Հարութի տան ուղղությամբ այնքան ժամանակ, մինչև որ Հարութը դուրս եկավ տանից. նա զանգահարել, տեղյակ էր պահել նաև Շեկոյին: Նրանց վրա կրակելուց հետո հեռացան, որից հետո եկան ոստիկանները»,- պատմել են բնակիչները:

«Արագած» խանութում աշխատող գործակատարները ևս Galatv.am-ի լրագրողին պատմել են, որ կրակոցներ են լսել: Ոստիկանության աշխատակիցների կողմից խանութի աշխատակիցներին ու թաղի բնակիչներին տարել են ՀՀ ոստիկանության Գյումրու քննչական բաժին՝ հարցաքննության:

Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները զննություն իրականացնելու ժամանակ հայտնաբերել են կրակված չորս պարկուճներ, որոնք տարել են ուսումնասիրման:

Նշենք, որ Galatv.am-ի տեսախցիկը ֆիքսել է նաև «Արագած» խանութի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը, որը այդ պահին, հավանաբար, ֆիքսել է խանութի հարևանությամբ կատարվածը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին` Ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով:

Կրակոցներին մասնակից լինելու կասկածանքով Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Կոլյա Ղուկասյանը:

Galatv.am

Մեկնաբանել