Վրաստանում 20%-ով բարձրացվել են թոշակները

Վրաստանում սեպտեմբերի 1-ից 20%-ով բարձրացվել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով մինչև $91, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Բացի այդ՝ մինչև $60 են բարձրացվել սահմանափակ հնարավորություններով, խնամողներին կորցրած անձանց , ինչպես նաև երեխաներին վճարվող նպաստները: Մինչ այժմ այս խմբերի անձինք միջինը ստացել են $42 նպաստ:  

Վրաստանում նախորդ անգամ կենսաթոշակները ինդեքսավորվել են ընթացիկ տարվա ապրիլին, որի արդյունքում այն բարձրացվել էր մինչև $75,8, ընդ որում՝ 67 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց թոշակը մի փոքր ավելի է:

Վրաստանում գործող համակարգի համաձայն՝ տարեց քաղաքացիները ստանում են ամրագրված չափով նպաստ: Թոշակառուների բարեկեցության գլոբալ ինդեքսում, ըստ «Թբիլիսյան շաբաթ» պարբերականի, Վրաստանը ներկայում 150 երկրների շարքում զբաղեցնում է 89-րդ տեղը:

Թոշակների բարձրացման մասին դեռ 2012թ. նոյեմբերին հայտարարել էր  Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նրա կարծիքով՝ դա հնարավոր  է պետբյուջեի ծախսերի օպտիմալացման և առաջնահերթությունների փոփոխման արդյունքում: