Պուտինն ու Օբաման G20-ի շրջանակում քննարկել են Սիրիայի խնդիրը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման առանձին հանդիպում են ունեցել Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-ին մեկնարկած և սեպտեմբերի 6-ին շարունակված Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի շրջանակում, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ Պուտինի և Օբամայի հանդիպումը կայացել է «ոչ թե ոտքի վրա, այլ բազկաթոռին նստած, և շարունակվել է մոտ 20 րոպե»։

Պատասխանելով հարցին, թե պահպանվում են արդյոք տարաձայնությունները երկու երկրների դիրքորոշումներում, Ուշակովն ասել է․ «Այո՛, պահպանվում են»։

Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են «նախևառաջ արտգործնախարարությունների մակարդակով շարունակել շփումները, այդ թվում՝ Սիրիայի հետ կապված մի շարք հարցերի շուրջ»։

Ավելի ուշ՝ գագաթաժողովի արդյունքներով կայացած մամլո ասուլիսին, Պուտինը հայտարարել է, որ Օբամայի հետ իր այսօրվա հանդիպումն ընթացել է բարեկամական մթնոլորտում, սակայն յուրաքանչյուրը մնացել է «իր կարծիքին»։

«Դա շատ բովանդակալից, կառուցողական, բարեկամական զրույց էր։ Ամեն դեպքում՝ բարեկամական մթնոլորտում։ Յուրաքանչյուրս մնաց իր կարծիքին։ Սակայն երկխոսություն կա, մենք լսում ենք միմյանց, հասկանում ենք փաստարկները։ Ես նրա փաստարկների հետ համաձայն չեմ։ Նա համաձայն չէ իմ փաստարկների հետ։ Բայց մենք լսում ենք միմյանց, մենք փորձում ենք վերլուծել»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ G20-ի շրջանակում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների երկկողմ հանդիպում ի սկզբանե ծրագրված չէր։ Ինքը՝ Օբաման, ավելի վաղ հայտարարել էր, որ ընդհանուր քննարկումների շրջանակից դուրս չի հանդիպելու Պուտինի հետ։