Աֆղանստան․ տալիբները հարձակվել են ԱՄՆ-ի հյուպատոսության վրա

Աֆղանստանի արևմուտքում՝ Հերաթում, հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ-ի հյուպատոսության մոտ։

Հերաթ նահանգի նահանգապետ Սայեդ Ֆայզուլա Վահիդին Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է, որ մահապարտը բեռնատարում պայթեցրել է պայթուցիկ սարքը հյուպատոսությունից 60 մ հեռավորության վրա։

Միաժամանակ՝ տալիբների ներկայացուցչի խոսքով՝ մյուս զինյալները փորձել են գրոհել շենքը։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, փոխհրաձգության ընթացքում զոհվել է երկու աֆղան ոստիկան և անվտանգության մեկ աշխատակից, ինչպես նաև հինգ հարձակվող։ Նվազագույնը 17 մարդ վիրավորվել է։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունի հետևանքով զոհվել է հյուպատոսությունում աշխատող աֆղան թարգմանիչը, սակայն այս տեղեկատվությունն առայժմ չի հաստատվում։

Ինչպես լրագրողներին պատմել է Պետդեպի ներկայացուցիչ Մերի Հարֆը, հարձակվողները, ըստ ամենայնի, ռեակտիվ նռնակներ են օգտագործել։

Աֆղանստանի բանակի ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում ասել է, որ պայթյունը վնասել է ԱՄՆ-ի հյուպատոսության արտաքին պարիսպը, ինչը տալիբներին թույլ է տվել կրակ բացել անմիջապես հյուպատոսության շենքի ուղղությամբ։

Իրանական սահմանի մոտ գտնվող Հերաթում իրադրությունը վերջին տարիներին համեմատաբար հանգիստ է եղել։

Ինչպես հաղորդում է Աֆղանստանում BBC-ի թղթակիցը, որոտացած պայթյունը կրկին հիշեցրել է, որ տալիբները, չնայած միջազգային զորախմբի և անվտանգության կառավարական ուժերի բոլոր ջանքերին, նախկինի պես ունակ են ապակայունացնել իրադրությունը Աֆղանստանում։