Ինչպես Սաակաշվիլին հատեց ուկրաինական սահմանը

Սեպտեմբերի 10-ի երեկոյան Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է քաղաքացիությունից, հարյուրավոր կողմնակիցներով շրջապատված` հատել է Ուկրաինայի սահմանը։ 

Սահմանի ուկրաինական կողմում Սաակաշվիլիի հետևից ավտոբուս է եկել և նրան տեղափոխել Լվով քաղաք։ Այնտեղ ուշ երեկոյան քաղաքական գործիչը լրագրողներին ասել է, որ կմնա քաղաքում՝ սպասելու կնոջն ու որդուն։

Երեկոյան Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը տեղի ունեցածը որակել է «Ազգային ոստիկանության և սահմանային ծառայության ներկայացուցիչների հետ ծեծկռտուք, որը նպաստել է պետական սահմանի ապօրինի խախտման»։

Ինչպես հաղորդում է BBC-ի ուկրաինական թղթակիցը, սահմանի ճանապարհին Սաակաշվիլիի կողմնակիցները ճեղքել են ոստիկանական պատնեշը։

Միխեիլ Սաակաշվիլին զրկված է Ուկրաինայի քաղաքացիությունից, չունի այդ երկրի գործող անձնագիր։ Իշխանությունները նրան նախազգուշացրել էին, որ սահմանի հատման փորձի դեպքում նրան կարգելվի մուտք գործել Ուկրաինա, իսկ նրա ուկրաինական անձնագիրը կառգրավվի։ Ինքը՝ Սաակաշվիլին, կարծում է, որ ունի Ուկրաինա մտնելու իրավունք։ 

Ինչպես է տեղի ունեցել սահմանի հատումը

Կիրակի օրը Օդեսայի նախկին նահանգապետը լեհական Ժեշուվ քաղաքում նստել է նախ ավտոբուս, ապա Պշեմիշլում նստել դեպի Լվով գնացող գնացք, սակայն այն տեղից չէր շարժվում․ երկաթուղային ընկերությունը Սաակաշվիլիից պահանջում էր դուրս գալ գնացքից։

Դրանից հետո Սաակաշվիլին մեկ այլ ավտոբուսով մեկնել է Մեդիկա/Շեգինի սահմանային անցակետ, արագ անցել լեհական հատվածը և երկար մնացել չեզոք գոտում։

«Միշա», «Միշա» վանկարկող մարդկանց ամբոխը ճեղքել է ոստիկանական պատնեշը, շրջապատել Սաակաշվիլիին և նրան անցկացրել ուկրաինական տարածք։ Սաակաշվիլիին ուղեկցող խմբում էր նաև ուկրաինացի հայտնի քաղաքական գործիչ Յուլյա Տիմոշենկոն։

Սաակաշվիլիի կողմից Ուկրաինայի սահմանի հատմանը արձագանքել է այդ երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։ Ֆեյսբուքում արած իր գրառման մեջ Ավակովը Սաակաշվիլիին առաջարկել է երկու տարբերակ՝ կամ մեկնել Շեգինի անցակետ և անցնել փաստաթղթերի ձևակերպման գործընթաց, կամ այցելել Միգրացիոն ծառայության ստորաբաժանում։ Ճեղքման բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ ուկրաինացի պատգամավորներին, Ավակովը հորդորել է այցելել ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ Նա գրել է, որ ինքն է արգելել ոստիկանությանը կիրառել զենք և ուժ ակցիայի մասնակիցների նկատմամբ։