Դուբլինում տեղի կունենա հակամարտությունների կարգավորման համաժողով

Էյմոն Գիլմորի խոսքերով’ Իռլանդիան հավասարակշռված մոտեցում է ցուցաբերելու ռազմա-քաղաքական, տնտեսա-բնապահպանական եւ անվտանգության մարդկային պարամետրերի հարցերում։ԵԱՀԿ-ի գործող նախագահն ասել է, որ այսօր առավել մտահոգիչը հիմնարար ազատություններին եւ մարդու իրավունքներին սպառնացող երեւույթներն են։

Իր ելույթում նա անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ-ի տարածաշրջանի հակամարտություններին։

«Որպես գործող նախագահ’ ես ջանքեր կգործադրեմ այդ հակամարտությունների հարատեւ կարգավորման ուղղությամբ», – ասել է Գիլմորը։ Նա թվարկել է Մոլդովայի տարածքում Մերձդնեստրի, Վրաստանի տարածքում’ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրները, սակայն խոսելով ղարաբաղյան խնդրի մասին’ ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ադրբեջանի անունը չի նշել, ասելով, թե «այդ հակամարտությունների շարքում է նաեւ այն, որը Մինսկի գործընթացի շրջանակներում է»։

Գործող նախագահը ընտրել է երկու դիվանագետի, ովքեր Իռլանդիայի նախագահության ժամանակաշրջանում հակամարտությունների կարգավորման խնդրում խորհրդականների դեր են կատարելու։

Նա դրվատանքով է խոսել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի մասին’ ասելով, թե «ակնկալում է սերտ համագործակցություն համանախագահների եւ Մինսկի խմբի այլ ներկայացուցիչների հետ»։

ԵԱՀԿ-ի գործող նախագահի խոսքերով’ Իռլանդիան լավ գիտի, թե որքան ավերիչ են հակամարտությունները։

«Այդուհանդերձ, բանակցությունների, փոխզիջումների եւ լուծում գտնելու վճռականության շնորհիվ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները կարգավորել են Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը», – ընդգծել է Էյմոն Գիլմորը։

Նրա խոսքերով’ այդ փորձը կարող է օգտակար լինել ԵԱՀԿ-ի տարածքի ներկայիս հակամարտությունները կարգավորելու համար, եւ այդ նպատակով ինքը մտադիր է այս տարվա ապրիլի 27-ին Դուբլինում կազմակերպել համաժողով, որին կհրավիրվեն հակամարտող կողմերի ներկայացուցիչները։