«Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ հունվարի 11-ին Մոսկվայում համաձայնության են եկել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Ըստ լրատվամիջոցի հրապարակած քարտեզի՝ Ադրբեջանը տրանսպորտային միջանցք և երկաթուղի է ստանալու Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևան և հնարավորություն է ստանալու միանալ Թուրքիային։ Իսկ Հայաստանը կարողանալու է օգտագործել Երևանից դեպի նույն Սյունիքի մարզ երկաթգիծը, որն անցնում է Նախիջևանի տարածքով։ Այս երթուղիներն էլ ակտիվորեն օգտագործվել են խորհրդային տարիներին, սակայն ղարաբաղյան հակամարտությունից հետո դադարել են գոյություն ունենալ։ Արդյունքում Հայաստանի երկաթուղիները դե-ֆակտո կրճատվել են մինչև Երևան-Թբիլիսի կապող փոքր հատված, իսկ Ռուսաստանից ապրանքները կարող են փոխադրվել միայն Լարսի ճանապարհով, որը պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով։

Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը Ադրբեջանի համար ճանապարհ է բացելու դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին ՝ Ռուսաստան և Իրան։ Հայաստանից Ռուսաստան երկաթուղային ուղին հետևյալն է լինելու՝ Երևան-Նախիջևան-Սյունիք-Հորադիզ-Բաքու-Դաղստան։

Քարտեզում սև կետագծերով նշվածը երկաթուղային ճանապարհներն են, կանաչը՝ Հայաստանը Ռուսաստանին և Իրանին կապող տրանսպորտային միջանցքը, նարնջագույնը՝ Ադրբեջանը Թուրքիային կապող տրանսպորտային միջանցքը, կապույտը՝ նախատեսված երկաթուղու կառուցման հատվածը։

«Կոմերսանտը» նաև գրում է, որ Բաքվում և Երեւանում հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները տրամագծորեն հակառակ գնահատական են ստացել: Ադրբեջանում հանդիպումն արդյունավետ են համարել, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ: Իսկ Հայաստանում ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է թուլամտության և դիրքորոշումների հերթական հանձնման մեջ. հայ հասարակությունում գերիների վերադարձն առաջնային են համարում, բայց դրա փոխարեն բանակցություններում քննարկել են տնտեսական օրակարգը, որի վրա պնդել է Ադրբեջանը։