ԵՄ-ն մտադիր է դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով․ «Ազատություն»

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Ինչպես հաղորդում են «Ազատության» աղբյուրները, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում:

Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:

«Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասված է հանձնախմբի եզրակացության մեջ:

Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի`ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, և կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:

Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:

Ակնկալվում է, որ Եվրամիության դիտորդները Հայաստան կժամանեն հաջորդ ամիս, առաքելությունը կսկսվի փետրվարի 20-ից: Այսօր արդեն այս հարցը կքննարկվի Միության դեսպանների հանդիպման ժամանակ, իսկ վերջնական որոշումը կկայացվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ երկուշաբթի Բրյուսելում՝ Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների միջև Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022-ի հոկտեմբերի 20-ին Հայաստանում՝ Հայասատանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել էր ԵՄ դիտորդական կարողության խումբ՝ նպատակ ունենալով դիտարկել, վերլուծել և զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվել էր դեկտեմերի 19-ին։

Մեկնաբանել