Մանեկենները միացել են Սաակաշվիլիի կուսակցության քարոզարշավին

Բաթումիի կենտրոնի խանութներից մեկում մանեկեններին հագցրել են «Ես սիրում եմ Վրաստանը» գրությամբ և «5» համարով (երկրի իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցության համարն է քվեաթերթիկներում) կարմիր շապիկներ, հաղորդում է ռուսական «Վզգլյադ» թերթի թղթակիցը Թբիլիսիից՝ վկայակոչելով վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությունը։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխող կուսակցությունը այդպիսի շապիկներ է բաժանում իր համախոհներին հոկտեմբերի 1-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Այդ խանութում նույնպես անվճար բաժանվում են այդպիսի շապիկներ։

Ընդ որում՝ խանութի սեփականատերը գործարար է Թուրքիայից և իրավաբանների խոսքով՝ խախտում է ընտրությունների մասին օրենքը։

Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում ընտրություններից առաջ «շապիկների պայքար» է ծավալվել։ «Ազգայինների» կարմիր շապիկների դեմ հանդես են գալիս միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի լոգոտիպով կապույտ ու սպիտակ շապիկները։ Փողոցներում կարելի է տեսնել «նախագահամետների» կամ «ընդդիմադիրների» շապիկներ կրող շատ մարդկանց։

Սաակաշվիլիի քարոզչական մեթոդները առաջին անգամ չէ, որ զարմացնում են Վրաստանի ժողովրդին։ Այսպես, օգոստոսին Սաակաշվիլիի՝ բնակչության հետ հանդիպումների ժամանակ օգտագործել էին օվացիաների ֆոնոգրամա։ Վրաստանի արևմուտքում՝ Իմերեթական նահանգի Ախալտերջոլա գյուղում, նախընտրական հանդիպման մասնակիցները «խիստ զարմացել են», երբ ժողովրդի հետ նախագահի շփումը ուղեկցվել է ձայնագրված ծափահարություններով։

«Դա իսկապես այդպես է եղել, գիտեմ իմ ներկայացուցիչներեից, որոնք ներկա են եղել այդ հանդիպմանը, նրանք ցնցված էին բուռն ծափահարությունների այդպիսի իմիտացիայից»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Գիա Ցագարեիշվիլին («Վրացական երազանք»)։

«Դա արվել է անտաղանդ կերպով և հաճախ չի համընկել Սաակաշվիլիի արտահայտությունների հետ։ Այդպիսի բան չի արել անգամ Բրեժնևը։ Ինչևէ, Սաակաշվիլին սովոր է իմիտացիաների՝ վերականգնված շինություններից մինչև աշխատատեղեր։ Սակայն այդպիսի ծափահարություններն արդեն չափազանց են»,- ասել է Ցագարեիշվիլին վրացական «Ռեզոնանսի» թերթին։