Սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից», կարծում է Բայրամովը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից»։ Նա նաև նշել է, որ հայկական կողմի հետ բոլոր հանդիպումների ընթացքում Ադրբեջանը բարձրացնում է «ութ գյուղերի վերադարձի» հարցը։

«Սահմանազատման [գործընթացը] տեխնիկական հարց է, այնինչ խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները։ Եթե մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրել, ապա պետք է այս երկու գործընթացները տարանջատենք»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա կարծիքով՝ սահմազատումը բավական երկար գործընթաց է անգամ այն երկրների դեպքում, որոնց միջև լուրջ հակամարտություն չի եղել։

Բայրամովն հայտնել է, որ ադրբեջանական կողմը Երևանի հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնում է «ութ գյուղերի վերադարձի» հարցը, որն ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առնչվում է սահմանազատման գործընթացին։

«Այդ ութ գյուղերն իրենց յուրահատկությունն ունեն։ Դրանց [գյուղերի] պատկանելության հարցը քննարկման թեմա չէ, քանզի հայտնի է, թե խորհդային տարիներին ովքեր են այնտեղ բնակվել։ Հայաստանը նույնպես սահմանների առնչությամբ իր պահանջներն ու մոտեցումներն ունի, սակայն մենք խոսում ենք բնակավայրերի մասին»,- ասել է Բայրամովը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, սահմանազատումը խաղաղության գործընթացից տարանջատելու մասին խոսել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը․ «Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է գործողություն երկու կողմերից»,- ասել էր նա։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հաջիևի հայտարարությանը, նշել էր, որ Հայաստանի համար կարող է ընդունելի լինել սահմանազատման հարցը խաղաղության գործընթացից տարանջատելու տարբերակը․ «Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել: Չեմ բացառում, որ նման տարբերակը [սահմանազատման հարցը խաղաղության գործընթացից առանձնացնելու] կարող է Հայաստանի համար ընդունելի լինել»:

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով հինգ հանդիպում է կայացել՝ երեքը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։

Մեկնաբանել