Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ ԱԺ-ի և Զինուժի վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: Հուշագիրն ստորագրել են ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին:

Կողմերը կհամագործակցեն հանձնաժողովի գործունեության ոլորտներում օրենսդրական գործընթացի արդյունավետության բարձրացման, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ընթացակարգերի մշակման և ներդրման, ինչպես նաև ուժային կառույցների տարբեր հաստատություններ այցերի կազմակերպման, փորձագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Հանձնաժողովին առընթեր կստեղծվի խորհրդատվական խումբ, որը կիրականացնի փորձագիտական գործունեություն՝ հանձնաժողովին տրամադրելով օրենսդրական խորհրդատվություն և առաջարկներ, որոնք կվերաբերեն հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցերին, իսկ Ժնևի կենտրոնը կաջակցի խմբի աշխատանքներին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ հուշագիրը կողմերի միջև արդյունավետ համագործակցության ամուր իրավական հիմք կդառնա և կապահովի անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության գործում կողմերի համագործակցության շարունակականությունը:

Մեկնաբանել