Բացահայտվել է «Օդնոկլասնիկիի» անձնական էջերը կոտրած անձի ինքնությունը

Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում բացահայտվել է այն անձը, որն ապօրինի տիրանացել է Odnoklassniki.ru սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել, հաղորդում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին Nar անհատական էջի օգտատերը Odnoklassniki.ru սոցիալական կայքում Հ. Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը:

Հետագայում Հ. Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է:

Բացի այդ, պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ. Ներսիսյանի ընկերոջ` Ս. Համբարձումյանի` Odnoklassniki.ru սոցիալական կայքի անհատական էջին:

Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Odnoklassniki.ru սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն. Գրիգորյանը, որն օգտագործել է ընկերոջ` Գ. Հակոբյանի համակարգիչը:
Նախաքննության ընթացքում Ն. Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: