Ադրբեջանի սադրիչ գործողությունները չպետք է անարձագանք մնան․ Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Ըստ ԱԳՆ-ի՝ դրանք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված են խաղաղապահ առաքելությանը, և չպետք է անարձագանք մնան։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։

Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։

Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։

Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան։

Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։ Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան»,- ասված է հայտարարությունում։

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը մարտի 10-ին հայտարարել է, որ վթարված գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում։

Վերջին օրերին տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Միայն Խրամորթ գյուղի ուղղությամբ հակառակորդը արձակել է ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Ադրբեջանի կողմից արձակված ականանետի կրակոցից բեկորային վիրավորում է ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը։

Մեկնաբանել