Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Հայաստանը կարևորում է Սիրիայի հետ համագործակցությունն ու պատմական կապերը: Մենք հետևում ենք զարգացումներին և մաղթում, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի կողմից 2019-ին Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությանը, որը հումանիտար ականազերծման, բժշկական ծառայությունների մատուցման գործունեություն է ծավալել։

«Դեսպան Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ իր համար՝ նաև որպես սիրիահայի պատիվ է Հայաստանում դիվանագիտական ծառայությունը: Նա Սիրիայի իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ երկրին ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար և նշել, որ լավագույն ջանքերը կգործադրի փոխհարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Արիսյանը կարևորել են սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական կապերի ամրապնդման գործում: